«Ռեժիմի ջարդարարներից Վալերի Օսիպյանը ոչ միայն հեղափոխական Հայաստանի ոստիկանապետն է, այլև պետք է իր նմանների հետ միասին որոշի ապստամբներին համաներելու հարցը»

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը  հայտարարություն է տարածել, որում ասված է. «Ժամանակն է կալանքից ազատելու Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին

Տասնամյակներ շարունակ պետությունը զավթած և սպիտակ ցեղասպանություն իրականացրած հանցավոր համագործակցության անդամ Մանվել Գրիգորյանին երեկ՝ դեկտեմբերի 21-ին, գրավի դիմաց ազատ արձակելը բուռն վրդովմունք է առաջացրել հասարակության, հատկապես՝ Էջմիածնի բնակիչների շրջանում:

Ողջունում ենք ի նշան բողոքի փողոց դուրս եկած էջմիածինցիներին ու մյուս բոլոր քաղաքացիներին և մեր զորակցությունն ենք հայտնում նրանց:

Միևնույն ժամանակ փաստում ենք, որ նման ինքնաբուխ ձևով ոտքի կանգնելու կարողությունը վկայում է քաղաքացիների ինքնակազմակերպվածության և քաղաքացիական հասարակության կայացման գոհացուցիչ ընթացքի մասին:

Բազմիցս հայտարարել ենք և այս առիթով էլ վերահաստատում ենք, որ առանց նախորդ հանցավոր ռեժիմների գործունեության իրավաքաղաքական գնահատականի և դրա հիման վրա համընդգրկուն և ամբողջական անցումային արդարադատության, առանց քաղաքական, տնտեսական և գործակալական լյուստրացիայի, առանց պետությունը զավթած հանցավոր համագործակցության պարագլուխներին խստագույնս պատժելու և ունեզրկելու հնարավոր չէ երկիրը հանել անդունդից և ապահովել արդարութուն, իրավունքի գերակայություն, տնտեսության զարգացում, բարեկեցություն և պետական ինքնիշխանություն:

Դրա փոխարեն՝ առաջացել է աղաղակող անարդարության մի անընդունելի վիճակ, երբ հանցավոր ռեժիմի դեմ ընդվզած քաղաքացիները դեռևս բանտերում են կամ ամբաստանյալի կարգավիճակում են, ռեժիմի ստեղծած իրականության պատճառով բանտերն ընկած հազարավոր մարդկանց համաներումը շրջանցեց, իսկ ռեժիմի պարագլուխները շարունակում են պաշտոններ զբաղեցնել կամ օգտվել իբրև թե օրինական արտոնություններից:

Իսկ եթե վերջիններս հետապնդվում են, ապա իրենց կատարածի չնչին մասը կազմող կիսատ-պռատ մեղադրանքներով, որոնցից, մեծ հավանականությամբ, նրանք հետագայում կարող են նաև ազատվել:

Հատկապես վրդովեցուցիչ է, որ ռեժիմի ձեռքով զոհաբերված ոստիկանների սպանության մեղադրանքով շարունակում են բանտում մնալ «Սասնա Ծռերի» ապստամբության մասնակիցներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, մինչդեռ ռեժիմի ջարդարարներից Վալերի Օսիպյանը ոչ միայն հեղափոխական Հայաստանի Ոստիկանապետն է, այլև պետք է իր նմանների հետ միասին որոշի ապստամբներին համաներելու հարցը:

Ժամանակն է վերջ դնելու ազգի արժանապատվությունը վիրավորող և նրա  անվտանգությունն ու պետության ապագան իրական սպառնալիքի տակ դնող այս անարդարությանը:

Սկզբի համար՝ արդարության ճգնաժամը վերջին կետին չհասցնելու նպատակով, հարկավոր է ազատ արձակել Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին, հայտարարել իսկապես լայն համաներում և ձեռնամուխ լինել համընդգրկուն և ամբողջական Անցումային արդարադատության»:

Տեսանյութեր

Լրահոս