Թանկացումները, կրճատումները նվազեցնելու են ՀՆԱ-ի աճը. Արթուր Բաղդասարյան
Քաղաքականությունից հեռացած Արթուր Բաղդասարյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի տնտեսության ու անվտանգություն խնդիրներին, այս անգամ արդեն որպես հանրային գործիչ:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ինչպես խոստացել էի, արդեն որպես հանրային պետական գործիչ համառոտ ցանկանում եմ անդրադառնալ երկու առանցքային խնդիրների՝ տնտեսությանը եւ անվտանգությանը: Բազմիցս եմ խոսել տնտեսության եւ անվտանգության ռազմավարական պլանավորման անհրաժեշտության մասին, ինչին ցավոք, անցնող ութ ամիսներին դեռեւս ականատես չեղանք, մինչդեռ այդ պարագայում կարող էինք արդեն խոսել 2019թ. տեսանելի ու դրական արդյունքների մասին:
Օրեցօր բարդացող սոցիալ-տնտեսական իրավիճակին գումարվում է սպասվող կրճատումների մասին գույժը: Արդեն իսկ խոսել եմ բյուջետային համակարգի աշխատակիցների կրճատման անթույլատրելիության մասին: Պետք է ոչ թե կրճատել նախարարությունները եւ աշխատակիցներին, այլ բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը, դնել մարդկանց աշխատանքի պլանավորման, գնահատման եւ կոնկրետ արդյունք երաշխավորող հստակ չափորոշիչներ:
Դրա համար անհրաժեշտ է նախարարներ նշանակել ոչ թե անփորձ, այլ բանիմաց մարդկանց, որոնք ունեն նորարարական կառավարման փորձառություն եւ գիտելիքներ, առավել եւս, որ նոր իշխանության կազմում ունենք հաջողակ ղեկավարներ, ովքեր եւ լավ կառավարում են իրենց համակարգերը եւ հանրային ու ներգերատեսչական դրական ընկալում ունեն:
Հետեւաբար սոցիալական ներկա ծանր պայմաններում թանկացումները, կրճատումները ոչ միայն չափազանց ծանր են անդրադառնալու մեր հայրենակիցների վրա, այլ նաեւ նվազեցնելու են ՀՆԱ-ի աճը, համախառն սպառումը, խթանելու են արտագաղթը՝ առաջացնելով հուսահատություն հանրության շրջանում: Գուցե արժե մեկ անգամ եւս ծանրութեթեւ անել նման պատասխանատու որոշումից առաջ:
Անվտանգության մասին՝ գլոբալ եւ տարածաշրջանային սպսռնալիքներն աճում են, մարտահրավերների պակաս չունենք: Վերջին փաստը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այսօրվա նշանակումն է՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից, ոչ միայն առանց Հայաստանի պաշտոնական համաձայնության, այլ ավելին, անտեսելով հնչեցրած պաշտոնական դիրքորոշումները: Ընդունված որոշման արդյունքում ՀԱՊԿ հինգ երկրներ հայտնվեցին մի կողմում, Հայաստանը՝ մյուս: Իրողություն, որ առնվազն լուրջ խորհելու տեղիք պետք է տա: Եթե սրան գումարում ենք տարածաշրջանում աճող սպառնալիքները, Արցախի հարցում հնարավոր զարգացումները, պատկերն ավելի ամբողջական է դառնում:
Համոզված եմ, որ մի կողմից հակազդմանն ուղղված համակարգված քայլեր են անհրաժեշտ, մյուս կողմից անվտանգության համակարգերի զարգացման հստակ տեսլական:
Անկեղծ ուզում եմ հուսալ, որ նոր կառավարությունը կպայքարի առկա խնդիրների դեմ, օբյեկտիվորեն կգնահատի դրանք եւ կառաջարկի սթափ, պրագմատիկ լուծումներ:
Տնտեսության և անվտանգության մասինԻնչպես խոստացել էի, արդեն որպես հանրային պետական գործիչ համառոտ ցանկանում եմ…
Gepostet von Artur Baghdasaryan am Freitag, 21. Dezember 2018