
Սիրիացի քրդերն աջակցություն են խնդրել Ֆրանսիայից զորքը դուրս բերելու ԱՄՆ-ի որոշումից հետո

«Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) արաբա-քրդական ջոկատները ստիպված են լինելու նահանջել Դեյր Էզ Զորից Թուրքիայի կողմից ռազմական գործողություն սկսվելու դեպքում եւ Ֆրանսիայից խնդրում են թռիչքազերծ գոտի հաստատել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է SDF-ի քաղաքական թեւի՝ «Սիրիական դեմոկրատական խորհրդի» (MSD) համանախագահը:
SDF-ի ղեկավարությունը Սիրիայից զորքերի դուրսբերման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը որակել Է տարածաշրջանի ժողովուրդների հույսերի խորտակում եւ խթան՝ ահաբեկիչների ակտիվացման համար:
«Մենք Ֆրանսիայից օգնություն ենք խնդրում Սիրիայի հյուսիսում թռիչքազերծ գոտի հաստատելու գործում»,-Փարիզում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է MSD-ի համանախագահ Իլհամ Ահմադը:
«Մենք ստիպված ենք լինելու նահանջել Դեյր Էզ Զորից այն դեպքում, եթե Թուրքիան ռազմական գործողություն սկսի»,-հավելել է նա, նշելով, որ Սիրիայից ԱՄՆ-ի ուժերի դուրսբերմամբ Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսում ահաբեկչության դեմ պայքարը կբարդանա: MSD-ի պատվիրակությունը դեկտեմբերի 21-ին պլանավորում է Սիրիայում ստեղծված իրադրությունը քննարկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: