Պորտուգալիայում «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքներ են սկսվել. EFE
Դեկտեմբերի 21-ին «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքի ակցիաներ են տեղի ունենում Պորտուգալիայում, շարժում, որն սկիզբ է առել Ֆրանսիայում: Այս մասին հայտնել է EFE գործակալությունը:
Գործակալության տեղեկատվությամբ՝ հանրահավաքների պատճառով լուրջ միջադեպեր առայժմ չեն արձանագրվել: Առաջիկա ժամերին ցույց է սպասվում Լիսաբոնի կենտրոնում:
«Պորտուգալիայի դեղին բաճկոնավորների շարժումը» սոցիալական ցանցերի միջոցով կոչ է արել՝ դեկտեմբերի 21-ին բողոքի 25 ակցիա անցկացնել հանրապետության 17 քաղաքներում: Երկրի իշխանություններն գործի են դրել շուրջ 20 հազար ոստիկանների, սակայն հուսով են, որ ակցիաները խաղաղ կանցնեն:
Բողոքների մասնակիցները պահանջում են աշխատավարձի նվազագույն չափի բարձրացում, գործազրկության նպաստի վերանայում, հավելադիր արժեքի հարկի եւ փոքր ձեռնարկությունների համար հարկի նվազեցում: Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» ցույցերը, որոնք բողոքում են գների աճի եւ հարկերի բարձրացման դեմ, սկսվել են նոյեմբերի 17-ին: Ցուցարարների կազմակերպած ակցիաների թիվը չափվում է հազարներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: