Բաժիններ՝

ԳՀՀԾ-ի պահպանումը համաշխարհային հանրակցության խնդիրն է. Իրանի ԱԳՆ

Իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքի պահպանումը համաշխարհային հանրակցության խնդիրն է: Այդ մասի հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին:

«Ցավոք, միակողմանի կարգով եւ անօրինականորեն ԱՄՆ-ի դուրս գալու պատճառով, ինչը հակասում է ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումներին, ԳՀՀԾ-ն (իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) հայտնվել է ճգնաժամային վիճակում: Ամենից առաջ, ԳՀՀԾ-ն անվտանգության համաձայնագիր է, դրա պահպանումը համաշխարհային հանրակցության պարտականությունն է»,- հայտնել է նա Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Ռյաբկովի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը: Իրանի ԱԳ փոխնախարարը նշել Է, որ աշխարհը տառապում է ԱՄՆ-ի եւ Վաշինգտոնի մի քանի դաշնակիցների սխալ քաղաքականությունից:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերալ համաձայնագրից: Նա նաեւ հայտնել է այս երկրի դեմ բոլոր պատժամիջոցները վերականգնելու մասին, այդ թվում՝ երկրորդային, այսինքն՝ մյուս այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: ԱՄՆ-ն օգոստոսի 7-ին վերստին գործարկել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը: Վաշինգտոնը հայտարարել է իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելու նպատակի մասին եւ դրա գնորդներին կոչ է արել հրաժարվել նման գնումներից:

Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի լրացուցիչ պատժամիջոցները, որոնք ներառել են նավթի արտահանումը, ուժի մեջ են մտել նոյեմբերի 5-ին: Ընդ որում՝ Վաշինգտոնը նավթային պատժամիջոցներից ժամանակավոր բացառություններ է տրամադրել Չինաստանին, Հնդկաստանին, Իտալիային, Հունաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, Թայվանին եւ Թուրքիային: Մինչդեռ Եվրոպայում հանդես են գալիս միջուկային գործարքի պահպանման օգտին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս