Բաժիններ՝

Երևանի ավագանու որոշմամբ՝  «Հաշմանդամային սպորտի ֆեդերացիա» հ/կ-ին տարածք նվիրաբերվեց

Երևանի ավագանու այսօրվա  արտահերթ նիստում առաջարկվեց Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Զ.Անդրանիկի փողոցի հ.40/3 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.26032018-01-0169 վկայական)՝ 287.92քմ մակերեսով շինությունը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 337.28քմ մակերեսով հողամասը նվիրաբերել «Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն)՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված մարզասրահ հիմնելու համար:

Երևանի  քաղաքապետարանի Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամարյանի խոսքով՝ շենքը նախկինում ծառայել է՝ որպես կաթսայատուն, և սպասարկել է հարակից տարածքներում գտնվող շենքերը: Սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո այն չի գործում:

«Ֆեդերացիան շահույթ չհետապնող հ/կ է, որը զբաղվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված սպորտաձևերը զարգացնելու և նրանց իրավունքները և շահերը պաշտպանելու համար: Նախատեսված է տարածքը վերանորոգել և օգտագործել՝ որպես մարզասրահ, որը պետք է գործի հաշմանդամություն ունեցող անձնանց համար բոլորովին անվճար: Կա դոնոր կազմակերպություն՝ «Հայ վիրավոր հերոսներ», որը պատրաստ է շենքի վերանորոգումն իրականացնել և նվիրել անվճար մարզագույք»,- ավագանու նիստում հայտնեց Ա. Ամարյանը:

Երևանի ավագանու նիստում առաջարկն ընդունվեց և տարածքը նվիրաբերվեց «Հաշմանդամային սպորտի ֆեդերացիային»:

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս