Բաժիններ՝

Ինչպե՞ս կարելի էր Նոր տարվա նախօրեին 90 մարդու թողնել առանց աշխատանքի

Կառավարության դիմաց, բացի Մշակույթի նախարարության աշխատակիցներից, բողոքի ակցիա էին իրականացնում Սփյուռքի նախարարության աշխատակիցները:

«Նոր օրենքի նախագծով նախատեսվում է դադարեցնել Սփյուռքի նախարարության գործունեությունը: Մեր աշխատակազմը համարում է սա սխալ քայլ: Հաշվի չեն առել սփյուռքի կարծիքը, որի պահանջով էլ ստեղծվել է այս նախարարությունը: Ինչպե՞ս կարելի է մեկ գրչի հարվածով թույլ տալ կառույցի դադարեցում: Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը մեզ հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ափսոսում է և ցավ է հայտնում, որ չկարողացավ պահել: Մյուս կողմին էլ անդրադառնամ, ինչպե՞ս կարելի էր Նոր տարվա նախօրեին 90 մարդու թողնել առանց աշխատանքի: Շնորհավորում են այսպիսի օրենքի նախագծով, որը բավականին անհաջող է, իսկ փոխարենը՝ ոչինչ չեն առաջարկում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարարության աշխատակիցներից Սիրվարդ Համբարյանը:

«Գոնե օրենքի սահմաններում տեղեկացնեին, որ լուծարվում է նախարարությունը: Այդ մասին իմանում ենք այսօր, իմանում ենք պատահական: Շատ ֆինանսական խնդիրներ կան, ու ոչ ոք չի պատրաստվում մեր ձեռքը բռնել ու աջակցել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց աշխատակիցներից մեկը:

«Այս որոշումը հակասում է անգամ նոր կառավարության «Ուժեղ սփյուռք, ուժեղ Հայաստան» կոչին»,- նկատեց մյուս աշխատակիցը:

Նշենք, որ Սփյուռքի նախարարության աշխատակիցները նամակ փոխանցեցին վարչապետի պաշտոնակատարին ու հայտնեցին, որ կսպասեն պատասխանին մինչև երկուշաբթի:

Հիշեցնենք, որ կառավարության կառուցվածքի փոփոխությունների արդյունքում ՀՀ նախարարությունների թիվը 17-ից կհասնի 12-ի։ Փոփոխությունների համաձայն` լուծարվելու է Սփյուռքի նախարարությունը։ Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կդառնա կԿպի ու բարձր տեխնոլոգիաների նախարարություն։ Տնտեսական զարգացման ու ներդրումների և Գյուղատնտեսության նախարարությունները կմիավորվեն։

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը կմիանա Տարածքային կառավարման ու զարգացման նախարարությանը։ Մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությունները կմիավորվեն Կրթության և գիտության նախարարությանը։ Որպես առանձին գերատեսչություններ՝ շարունակելու են գործել Ֆինանսների, Արդարադատության, Առողջապահության ու Բնապահպանության նախարարությունները։

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս