Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության դատաքննության ավարտ է հայտարարվել

Զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու պահանջների մասին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության գործով դատաքննության ավարտ է հայտարարվել: Այդ մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցի Անի Ալավերդյանը:

Մինչ դատաքննության ավարտ հայտարարելը դատարանը, նախագահությամբ Սարգիս Երիցյանի, մերժել է պատասխանող կողմի ներկայացուցչի՝ դատարանին հայտնած բացարկի վերաբերյալ միջնորդությունը: Անի Ալավերդյանը նշեց նաև, որ դատարանի վճիռը կհրապարակվի հունվարի 18-ին:

Ըստ հայցի՝ 2018թ հունիս ամսին «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ընկերությունը հրապարակել է տարբեր հոդվածներ, որոնցում արատավորել է հայցվորի պատիվը և արժանապատվությունը, մասնավորապես` 2018 թվականի հունիսի 7-ին ընկերությանը պատկանող «www.1in.am» ինտերնետային կայքում և «ժամանակ» օրաթերթում հրապարակվել են հոդվածներ` «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարող է կալանավորվել» վերնագրով, որտեղ տեղ են գտել Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունն արատավորող տեղեկություններ, քանի որ հրապարակայնորեն ներկայացված փաստերը ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը:

Նույն լրատվամիջոցում 2018 թվականի հունիսի 28-ին հրապարակվել է վերլուծական ևս մեկ հոդված՝ «Քոչարյան-Սարգսյան. Արյունոտ քսանամյակի շահառուները» վերնագրով:

Հայցվոր կողմը դատարանին խնդրել է պարտավորեցնել «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությանը հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և պարտավորեցնել ընկերությանը զրպարտության դիմաց Ռոբերտ Քոչարյանին վճարել 2.000.000 դրամի չափով փոխհատուցում:

Տեսանյութեր

Լրահոս