Թումանյանի «Հեքիաթներ» գիրքն առաջին տեղում է
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ նոյեմբերի վաճառքի տվյալների:
Առաջին հորիզոնականում է բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
Երկրորդ հորիզոնականում Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ն են, որոնք քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլև մուլտֆիլմերի ու գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:
«Գտնված երազ» հանրահայտ մուլտֆիլմի հիման վրա ստեղծված համանուն գիրքը երրորդն է: Փոքրիկ աղջիկը ցանկանում է գտնել իր պապիկի կորած քունը և հայտնվում է նկարների կախարդական աշխարհում, ծանոթանում է հեքիաթային արարածների հետ։ Երբ վերադառնում է տուն, պապն արդեն քնած է լինում։
Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» չորրորդ հորիզոնականում է: Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին:
Հինգերորդ հորիզոնականում Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» ստեղծագործությունն է: Տասներկու երկար տարիներ Ազքաբանի բանտում փակված էր Սիրիուս Բլեք անունով սոսկալի մի կալանավոր: Նրանից վախենում են բոլորը` մագլ թե մոգ: Ժամանակին Բլեքը մեկ անեծքով տասներեք հոգու էր միաժամանակ կործանել: Շատերը կարծում էին, որ նա լորդ Վոլդեմորի հետնորդն էր: Եվ ահա Սիրիուս Բլեքին հաջողվում է խորամանկել անգամ Ազքաբանի պահնորդներին և փախչել իր ատելի խցից: Ինչ որ կերպ Բլեքը ճակատագրով կապված է Հարրիի հետ:
Վեցերորդ հորիզոնականում է «Հայկական հեքիաթներ» գիրքը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ:
Յոթերորդ հորիզոնականում Ա. Կոնան Դոյլի «Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից» գիրքն է: Գրքում ներկայացված են Արթուր Կոնան Դոյլի՝ շատերի կողմից սիրված հերոս Շերլոկ Հոլմսի զանազան արկածները:
Ութերորդ հորիզոնականում է Ռոալդ Դալի «Չարլին և շոկոլադի գործարանը» հեքիաթ-վիպակը: Անգլիացի գրող Ռոալդ Դալի այս հանրահայտ գործը պատմում է Չարլի անունով փոքրիկ տղայի և նրա ընկերների հետաքրքիր արկածների մասին, որոնք տեղի են ունենում պարոն Վոնկի շոկոլադի կախարդական ֆաբրիկայում:
Իններորդ հորիզոնականում է «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն: Գիրքը վերահրատարակվել է, ներառում է նոր նկարազարդումներ եւ ձեւավորում, նոր իմաստուն հեքիաթներ… «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» նախագիծը ստեղծվել է ոչ միայն երեխաների, այլեւ բոլորի համար, ովքեր ցանկանում են կրկին ու կրկին մուտք գործել ճշմարիտ արժեքների, անսպառ իմաստության լուսավոր աշխարհ…
Տասներորդ հորիզոնականում է Ա. Կոնան Դոյլի «Շերլոք Հոլմսի արկածները շարունակվում են» գիրքը: Հանրահայտ Շերլոք Հոլմսի անհավանական, գրավիչ և անսպասելի շրջադարձերով լի արկածները պատանի ընթերցողներին հնարավորություն են տալիս նորովի բացահայտելու իրենց շրջապատող աշխարհն ու երևույթները, զարգացնելու քննադատական մտածողության հմտությունները:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների ցանցերը:
Առաջին հորիզոնականում է բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
Gepostet von Armenpress am Donnerstag, 20. Dezember 2018
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը