Բաժիններ՝

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը համաձայնեց 5,7 մլրդ դոլար հատկացնել Մեքսիկայի հետ սահմանի արգելապատի համար

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 20-ին ընդունել է բանաձեւի նախագիծ մինչեւ 2019 թվականի փետրվարի 8-ը ֆեդերալ կառավարության աշխատանքի հերթական ժամանակավոր երկարաձգման մասին՝ դրանում ներառելով 5,7 միլիարդ դոլարի չափով ծախսեր Մեքսիկայի հետ սահմանին պարսպի կառուցման համար: Քվեարկության հեռարձակումը կատարվել է երկրի օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքում։

Բանաձեւի պաշտպանությամբ հանդես է եկել 217 կոնգրեսական, 185-ը դեմ է արտահայտվել: Այժմ օրինագիծը ներկայացվում է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի քննարկմանը, որն ավելի վաղ նույնպես ընդունել է համանման բանաձեւ, բայց առանց այնտեղ արգելապատի համար պահանջվող ծախսերի ներառման: Սպասվում է, որ Սենատն օրինագծի քննարկմանը ձեռնամուխ կլինի դեկտեմբերի 21-ին՝ տեղական ժամանակով կեսօրից հետո (Երեւանի ժամանակով երեկոյան):

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը հայտնել են, որ Թրամփը չի ստորագրի բանաձեւի նախագիծը, եթե դրանում նախատեսված չլինի պարսպի կառուցման համար միջոցների հատկացումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս