Փաշինյանի առաջին փորձությունը՝ դեկտեմբերի 27-ին. Ինչպե՞ս կավարտվեն «գազային» բանակցությունները. «Ժողովուրդ»
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա, հանդիպում է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Փաշինյանի այցը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին: Իսկ մինչ այդ` երեկ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ամենամյա ասուլիսի ժամանակ խոսելով ՀՀ-ի հետ հարաբերությունների մասին, նշել է. «Հայաստանը Ռուսաստանի ամենամտերիմ գործընկերն է Անդրկովկասում… Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է տարածաշրջանում և աշխարհում, Եվրասիական միության և ՀԱՊԿ անդամ է, ի՞նչ պետք է վերականգնենք։ Մենք պետք է զարգացնենք այն, ինչն ունենք»։
Փաշինյան-Պուտին հանդիպումն ուշագրավ է մեկ այլ առումով. դեկտեմբերի 31-ին ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը: Այժմ Հայաստանը գազը սահմանին ձեռք է բերում 150 դոլարով, թեև շարքային սպառողին այն հասնում է 290 դոլարով, ոչ ապահով խավերին` 80 դոլարով: Ու հիմա ՀՀ և ՌԴ առաջնորդները պետք է կրկին պայմանավորվեն գազի սակագնի շուրջ:
Այս հանդիպումը, փաստորեն, լինելու է վարչապետ Փաշինյանի առաջին փորձությունը՝ արդյոք կհաջողվի՞ պայմանավորվածություն ձեռք բերել գազի սակագինն առնվազն անփոփոխ թողնելու մասին, եթե հաշվի առնենք փաստը, որ այն սահմանվել էր դեռ նախկին իշխանությունների օրոք, ու եկել է ժամանակը վերանայելու պայմանագրերը:
Ավելին, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ոչ մեկ անգամ է փորձել սահմանին գազի 150 դոլար սակագինը ներկայացնել որպես իր անձնական ձեռքբերում:
Հիմա Փաշինյանը պետք է փորձի այդ ուղղությամբ քայլ անել: Թեև «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ, ամենայն հավանականությամբ, սակագինը սահմանին կմնա անփոփոխ: Ավելին, տեսակետ կա, որ, ամեն դեպքում, շատ բան կախված է նաև Պուտին-Փաշինյան հարաբերություններից, իսկ նրանց հարաբերությունները բավական ջերմ են»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: