Ծանր փորձություն նոր իշխանության համար. գազի և էլեկտրաէներգիայի թանկացման վտանգը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 31-ին ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը, ինչը նշանակում է, որ Հայաստանը ռուսական կողմի, մասնավորապես Գազպրոմի հետ պետք է բանակցի նոր պայմանագրի շուրջ:
Նախօրեին մամուլում տեղեկություն տարածվեց, որ ռուսական կողմը որոշել է գազի սակագինը բարձրացնել, ինչին ի պատասխան կառավարությունից հնչում են հայտարարություններ, որ գնի շուրջ բանակցությունները դեռեւս ընթացքի մեջ են:
Նախքան այդ էլ հնչում էին հավաստիացումներ, որ գազի գնի բարձրացումը բացառված է, սակայն վերջին օրերին հնչող մտքերը, իսկ ավելի շուտ կառավարության կցկտուր պատասխանները ցույց են տալիս, որ բանակցություններում ինչ-որ խնդիր կա:
Ընդհանրապես գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների հարցը բավական բազմաշերտ է այն իմաստով, որ նախկինում, երբ իշխանությունները ընդդիմության դերում էին, անընդհատ թմբկահարում էին այս հարցերը՝ նշելով, որ այս երկու ոլորտներում կան ահռելի չարաշահումներ, եւ դրանք վերացնելու դեպքում հնարավոր է սակագների էական նվազեցում:
Սակայն արդեն իշխանության կարգավիճակում 8 ամսից ավելի աշխատանքը ցույց տվեց, որ կամ նման չարաշահումներ բացահայտվել են, բայց չկա դրանց ընթացք տալու քաղաքական կամք, կա՛մ էլ չեն բացահայտվել՝ կրկին կա՛մ կամքի, կա՛մ էլ պրոֆեսիոնալիզմի բացակայության պատճառով:
Խնդիրն, ընդ որում, հասկանալի պատճառներով ունի աշխարհաքաղաքական երանգ, որովհետեւ թե՛ գազի, թե՛ էլեկտրաէներգիայի դեպքում մենք գործ ունենք ռուսական կազմակերպությունների կամ ռուսական միջավայրը ներկայացնող անձանց հետ:
Երկու դեպքում էլ ստացվում է, որ Հայաստանի համար կենսական ոլորտներում կա ռուսական գերակայություն: Ու այս իմաստով դժվար է մեղադրել նոր իշխանություններին, որ այդ մենաշնորհի դեմ հնարավոր չէ պայքարել նույն այն մեթոդներով, որոնցով, օրինակ, պայքար է գնում երկրի ներսում այս կամ այն չարաշահումների դեմ:
Թե՛ գազի, թե՛ էլեկտրաէներգիայի դեպքում մենք գործ ունենք լայն սոցիալական խոցելիություն ունեցող խնդրի հետ: Իսկ սոցիալական լայն խոցելիության դեպքում արդեն հետաքրքիր չի լինելու, թե ինչու թանկացավ գազը, ինչ քայլերի կամ դրանց բացակայության հետեւանքով: Այս իմաստով նոր իշխանություններն իսկապես ծանր փորձության առաջ են կանգնած»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: