
Apple-ը հրաժարվել է ընդունել iPad-ների արատը

Apple կորպորացիան մեկնաբանել է օգտատերերի գանգատները ծռված iPad-ների վերաբերյալ: Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ դա արտադրական գործընթացի կողմնակի արդյունք է, բայց ոչ արատ: Այդ մասին գրել է The Verge-ը:
Բարակ կորպուսով նոր iPad Pro-ների վաճառքի սկսվելուց հետո օգտատերերն ուշադրություն են հրավիրել այն բանի վրա, որ պլանշետը շատ հեշտ է ծռել: Դրանից հետո գնորդներն սկսել են գանգատվել, որ պլանշետը ծռված է արդեն «տուփից հանելիս»: Նաեւ օգտատերերից ոմանք գանգատվում են, որ պլանշետն սկսում է ծռվել առօրյա գործածության ընթացքում:
Apple-ում ընդունել են, որ նոր iPad-ները կարող են մատակարարվել «ոչ մեծ» ծռվածքով, եւ հավելել են, որ դա չի ազդում սարքի աշխատանքի վրա եւ արատ չէ: Նշվում է, որ դա արտադրական գործընթացի կողմնակի արդյունքն է. պլանշետը ծռվում է սարքի ալյումինե եւ պլաստիկե բաղադիչների սառչելու ժամանակ: