
Արայիկ Հարությունյանը՝ Արշակ Կարապետյանի մասին

ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչն է տարօրինակ համարել ՀՀ վարչապետի նորանշանակ խորհրդական Արշակ Կարապետյանի հետ կապված:
«Ես տարօրինակ եմ համարել, որ ապրիլյան դեպքերի հետ կապված որևէ մեկը չի պատժվել, ես դա ներկայացրել եմ որպես հետաքրքիր տեղեկություն»,- ասաց Ա.Հարությունյանը՝ հստակեցնելով, որ խոսքը Կարապետյանի՝ ապրիլյան պատերազմից հետո ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ռազմական կցորդ նշանակվելու մասին է:
Ըստ նրա՝ ներկայումս ՀՀ վարչապետի խորհրդական նշանակվելու հարցը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանը:
Հարցին՝ տարօրինակ չէ՞, որ հեղափոխությունից 7 ամիս անց որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել ապրիլյան պատերազմի համար, Ա.Հարությունյանը պատասխանեց. «Երեկ նաև դրան անդրադարձ է եղել: Ես կարծում եմ՝ մենք բոլոր խնդիրներին հերթով անդրադառնում ենք և նաև ժամանակը երբ գա, այդ հարցով քննություններ կլինեն»: