«Քաղաքապետարանի «Իմ քայլը» դաշինքը նույն գործառույթներն է իրականացնում, ինչ նախկինում ՀՀԿ-ն, և միայն ձեռք բարձրացնելով՝ միաձայն հաստատում են որոշումները». Մարինա Խաչատրյան

Դեռ չէին հասցրել մարել թանկարժեք տոնածառի շուրջ բորբոքված կրքերը, երբ երևանցիներին փոթորկեց Երևան քաղաքի 2019թ. բյուջեի նախագծի ծախսային ու բյուջետային մասը։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության դեռևս գործող անդամ, բայց շուտով արդեն՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել էր. «Նոյեմբերի 14-ին Երևանի քաղաքապետարանը հանրային քննարկմանն է ներկայացրել Երևանի 2019 թվականի բյուջեի նախագիծը: Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը մանրամասն ուսումնասիրելով նախագիծը՝ արձանագրում է, որ այն հետընթաց է նույնիսկ ի համեմատ 2018թ. Երևանի բյուջեի, որը այդքան քննադատեց Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը և մի շարք հիմնավորումներով դեմ քվեարկեց վերջինիս:

168.am-ը խնդրի շուրջ զրուցեց Երևանի նախորդ ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի հետ, ով հանրությանը հայտնի դարձավ ավագանու նիստում քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղղությամբ կոյուղաջուր լցնելու իր ակցիայով։

«Մանրամասնորեն չեմ ուսումնասիրել նախագիծը, բայց տեղեկացված եմ, որ ծախսերն աճել են։ Այն ծախսերը, որոնք մենք քննադատում էինք նախկինում, նույն աշխատակազմի ու տարբեր շքեղությունների մասով, կրկին ավելացվել են, որոնց ես, իհարկե, դեմ եմ և գտնում եմ, որ այն պայմաններում, որում այսօր ապրում է երևանցին, մենք չպետք է թույլ տանք նման շքեղություններ։ Նաև գիտեմ, որ մեծ թվով ձնամաքրման մեքենաներ են գնել. պետք էր հավանաբար «Հայհիդրոմետի» հետ կոնտակտի մեջ լինել՝ հասկանալու համար՝ ինչպիսին է լինելու եղանակը։

Բացի այդ, որոշ քաղաքացիներ համարում են, որ այնտեղ կան կոռուպցիոն ռիսկեր, որոնք նույնպես պետք է ուսումնասիրության առարկա դառնան։ Ճիշտ է, որոշ քաղաքացիներ ուրախ են, որ մենք նոր տոնածառ ենք ունենալու, բայց ես կուզենայի, որ դրա փոխարեն՝ մենք ունենայինք նոր ավտոբուսներ, նոր վերելակներ, քաղաքացիների համար նոր սոցիալական բնակարաններ։ Ես վստահ եմ, որ տոնածառը որևէ մեկի չի տաքացնելու, որևէ մեկի ապահովության համար չի գործարկվելու, ինչպես, օրինակ, նոր վերելակների կամ ավտոբուսների դեպքում կլիներ, մեր օդը չի մաքրելու։ Քաղաքային բյուջեից դա հսկայական գումար է, որ չի կարելի պարզապես վատնել»,- ասաց Մ. Խաչատրյանը։

168.am-ի այն հարցին, թե որքանո՞վ է արդարացված նոր նախագծում պարգևատրումների ու հատուկ վճարների բյուջեն 1 մլրդ 232.9 մլն դրամով ավելացնելու որոշումը, Երևանի ավագանու նախկին անդամը նշեց, որ ինքը վստահ է՝  այդ պարգևատրումները բոլորովին արդարացված չեն։ Նախորդ տարվա բյուջեն ուսումնասիրելիս հայտնաբերել է, որ սովորական պատճենահանողը մի քանի անգամ ավելի է վարձատրվում, քան բուժաշխատողը, այնինչ նրանց աշխատանքի պատասխանատվությունն անհամաչափ է, և նույն բուժաշխատողը կամ մեր երկրի համար ոչ պակաս կարևորություն ունեցող ուսուցիչը կարծես թե երբևէ պարգևավճարների չեն արժանանում։

«Ես ուզում եմ, որ ինձ բացատրեն՝ այդ ի՞նչ գործառույթ են իրականացնում իրենք, որ չեն անում մեր ուսուցիչներն ու բուժաշխատողները, պաշտպանության համակարգի աշխատակիցները, և ինչո՞ւմ է նրանց առավելությունը, որ նրանք այդ պարգևավճարները ստանում են մեր ընդհանուր, հանրային գրպանից»,- տարակուսեց Մարինա Խաչատրյանը։

Վերջինս կարծում է, որ «Իմ քայլը» դաշինքը, որ ավագանիում մեծամասնություն է կազմում ու նույն գործառույթներն է իրականացնում, ինչ նախկինում ՀՀԿ-ն, և միայն ձեռք բարձրացնելով՝ միաձայն հաստատում են որոշումները, ցավոք սրտի, կհաստատի նաև այս բյուջեն, սակայն համարում է, որ խելամիտ ու սրտացավ մոտեցում ցուցաբերելու դեպքում ավագանին պիտի մերժի այս բյուջեն։

«Նախորդ տարվա բյուջեի շուրջ 25 %-ը տրամադրված է այլ ծախսերին, և հայտնի չէր, թե դրանք ինչ ծախսեր են։ Ես վստահ եմ, որ այս բյուջեի մեջ էլ կլինեն այդ այլ ծախսերը, որոնց մեջ գուցե կենթադրվի կոնյակների գնում, որին անցած տարի 45 մլն դրամ էր հատկացվել, կամ 24 միլիոնի դրոշակներ, երբ ավելի քիչ գումար էր տրամադրվում հաշմանդամության կարիքներին։ Պետք է ամեն ինչ բաց, թափանցիկ լինի, ու յուրաքանչյուր լումա սրտացավորեն օգտագործվի»,- հայտարարեց Մարինա Խաչատրյանը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ, ցավոք, գործելակերպի տարբերություն չի տեսնում, բայց պատրաստ է ցանկացած կառուցողական գործառույթի օժանդակել, իսկ եթե մարդիկ աշխատանք չեն կատարի, պետք է քաղցր խոսքերի չսպասեն։

 

Տեսանյութեր

Լրահոս