ԱՄՆ կոնգրեսականները հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացնելու կոչով դիմել են Մայք Պոմպեոյին

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները բաց նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մայկ Պոմպեոյին, որում հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները և տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու կոչ են արել: Ինչպես հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի «Ֆեյսբուք»-ի էջը, ԱՄՆ պետքարտուղարին ուղղված բաց նամակի տակ ստորագրել են կոնգրեսականներ Ջեքի Սփեյերը, Դեյվ Թրոթը, Ֆրենկ Փալոնը, Դեյվիդ Վալադաոն, Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը:

Կոնգրեսականները կոչ են արել հայ-ամերիկյան տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովը ծառայեցնել որպես  շարունակական ռազմավարական երկխոսության հարթակ, որտեղ կքննարկվեն համատեղ շահերի, ընդհանուր արժեքների, ինչպես նաև հայ և ամերիկացի ժողովուրդների միջև բարեկամության վրա հիմնված երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Նամակում նշվում է, որ վերջերս Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո, որոնք ամրագրվել են դեկտեմբերի 9-ին կայացած ազատ և արդար խորհրդարանական ընտրություններով, Հայաստանը որդեգրել է ժողովրդավարական զարգացման մոդել՝ գերազանցելով  հետխորհրդային տարածքի մյուս պետություններին:

«Եկել է Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական առաջընթացն ամրապնդելու և քաղաքական, տնտեսական, ռազմական և մշակութային ոլորտներում երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ժամանակը»,- ասված է նամակում:

Կոնգրեսականներն առաջարկում են Հայաստանում ժողովրդավարությունն ամրապնդելու տեսանկյունից ընդլայնել աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի, ուժեղ քաղաքացիական հասարակություն ձևավորելու, լրատվամիջոցների ազատությունն ապահովելու ուղղությամբ՝ բարեփոխումների իրականացման համար ստեղծելով աշխատանքային խմբեր կամ մեխանիզմներ: Նրանք նշում են, որ ամբողջական ժողովրդավարության հասնելու համար անհրաժեշտ է, որ երկրում տնտեսական առաջընթաց լինի և հույս են հայտնել, որ ԱՄՆ-ն ուշադրություն կդարձնի այն հանգամանքին, որ Հայաստանը երկու կողմից շրջափակված է, ինչը խորը ազդեցություն է ունենում երկրի տնտեսության վրա:

Կոնգրեսականները նաև խնդրել են մշակել Հայաստանի հետ ռազմական ոլորտում համագործակցությունը խորացնելուն միտված քաղաքականություն և ծրագրեր մշակել:

Տեսանյութեր

Լրահոս