Լոս Անջելեսի տակ բացվեց Մասքի կողմից մտահղացված արագընթացիկ տրանսպորտային թունելը
The Boring Company ընկերությունը, որը պատկանում է միլիարդատեր Իլոն Մասքին, արագընթացիկ տրանսպորտային թունել է բացել Լոս Անջելեսի տակ, որը մտածված է որպես երթեւեկության վերգետնյա միջոցների եւ մետրոյի այլընտրանք: Այս մասին ձեռնարկիչը դեկտեմբերի 19-ին հայտնել է Twitter-ի՝ իր էջում:
«Թունելում կարելի է ընթանալ ժամում ավելի քան 240 կիլոմետր արագությամբ: Այս արագությամբ թվում է, թե վայրկենապես տեղափոխվում ես քաղաքի մի այլ կետ»,- գրել է Մասքը:
Նրա խոսքով՝ թունելով կընթանան էլեկտրական քարշով հարթակներ, իսկ ապագայում նաեւ էլեկտրամոբիլներ, մասնավորապես Tesla մակնիշի: 3,2 կիլոմետր երկարությամբ թունելը գցված է Լոս Անջելեսի հարավային արվարձանի տակ՝ կայանատեղի համար օգտագործվող հողամասից, որը պատկանում է Մասքի մյուս ընկերությանը՝ SpaceX-ին, մինչեւ 120-րդ փողոցը, որտեղ գտնվում է The Boring Company-ի կենտրոնակայանը:
Ինչպես նշել է NBC հեռուստաընկերությունը, թունելի բացումը քայլառաջ է քաղաքային ստորգետնյա տրանսպորտային համակարգի ստեղծման՝ Մասքի պլանների իրագործման ճանապարհին: Օգոստոսին միլիարդատերը հայտարարել էր Լոս Անջելեսում մետրոյի արդեն գործող կայարանի եւ Dodger մարզադաշտի միջեւ շուրջ 5 կիլոմետր երկարությամբ թունելի կառուցման պլանների մասին, որով 16 ուղեւորների համար նախատեսված հարթակները կկարողանան ընթանալ ժամում շուրջ 200 կիլոմետր արագությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Tesla in @boringcompany tunnel with retractable wheel gear that turns a car into a rail-guided train & back again pic.twitter.com/3a6i0NoSmi
— Elon Musk (@elonmusk) December 19, 2018