Մերիլանդ նահանգի խորհրդարանը կունենա հայ պատգամավոր
Ընտրությունների արդյունքում ԱՄՆ-ի դաշտային և նահանգային օրենսդիր մարմիններ են ընտրվել մի շարք ամերիկահայեր: «Ամերիկայի Ձայնը» զրուցել է Մերիլանդի նահանգային խորհրդի նորընտիր անդամ, ամերիկահայ Լորիգ Չարքուդյանի հետ: Հայտնում է Ամերիկայի ձայնը։ Միացյալ Նահանգների քաղաքական կյանքում իրենց ակտիվ դերակատարությունն ունեն ամերիկահայերը:
Վերջերս կայացած ընտրություններում մի շարք ամերիկահայեր իրենց տեղը զբաղեցրեցին երկրի դաշնային կամ նահանգային օրենսդիր մարմիններում:
Նրանցից է Լորիգ Չարքուդյանը, ով մասնակցելով այս տարվա ընտրություններին, դարձավ Մերիլանդ նահանգի խորհրդարանի անդամ դեմոկրատական կուսակցության կողմից: Ամերիկայի Ձայնի հետ զրույցում նա ընդհանուր առմամբ դրական գնահատեց անցած ընտրությունների արդյունքներն իր կուսակցության համար, ինչպես ընդհանուր, այնպես էլ Մերիլանդ նահանգի շրջանակներում:
Ծնունդով Մասաչուսեթս նահանգից Լորիգ Չարքուդյանը հանրային գործունեությամբ է զբաղված ավելի քան երկու տասնամյակ: Սոցիալական արդարություն, խտրականության բացառում, ներգաղթյալների և կանանց իրավունքների պաշտպանություն և մի շարք այլ կարևոր սոցիալական խնդիրներ նրա ակտիվ օրակարգի անբաժանելի մասն են:
Նա ընտրվեց Մերիլանդի նահանգային խորհուրդ «Միացեք մեզ ավելի ներառական և արդար Մերիլանդ կառուցելու» կարգախոսի ներքո: Մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտոր Չարքուդյանը զարգացրել է միջնորդության կամ կողմերի միջև խնդիրների կարգավորման մի մոդել, որը միտված է օգնելու համայնքի բնակիչներին ինքնուրույն կարգավորել ծագած վեճերը:
Այսօր նա ղեկավարում է Մերիլանդի համայնքային միջնորդության կենտրոնը, որի շրջանակում այցելել է նահանգի բազմաթիվ հաստատություններ՝ դպրոցներից մինչև կալանավայրեր, դատարաններ ու հիվանդանոցներ: Նա երկար տարիներ դեմոկրատական կուսակցության աջակից է և անդամ, կիսում է կուսակցության գաղափարախոսությունը, որն էլ ըստ նրա դարձել է իր քաղաքական կողմնորոշման հիմնական դրդապատճառը:
Նորընտիր օրենսդիրը հատկապես ընդգծում է կուսակցության տնտեսական քաղաքականությունը, ներառական մոտեցումներն ու բնապահպանության ոլորտում ունեցած դիրքորոշումը:
«Այս ամենը հոգեհարազատ է եղել ինձ մանկուց ի վեր, ուստի երբ եկավ ժամանակը որոշում կայացնելու, ինձ համար ակնհայտ էր ընտրությունը»,- ասում է Չարքուդյանը:
Նրա մշտական ուշադրության կենտրոնում է գտնվում նաև ամերիկահայությանը հուզող խնդիրները: «Ակնհայտ է, որ կան խնդիրներ, որոնք կարևոր են մեզ համար, մասնավորապես Ցեղասպանության ճանաչումը, այսօրվա իրավիճակը: Պետք է վստահ լինենք, որ դաշնային կառավարությունը, որը իրականացնում է արտաքին քաղաքականությունը, աջակցող է հայկական օրակարգին»,- նշում է Չարքուդյանը:
Որպես ամերիկահայ, ում նախնիները եղել են փախստականներ և երեք-չորս սերունդ առաջ ներգաղթել ԱՄՆ, նա գտնում է, որ ներգաղթի պատմական փորձը, որին տիրապետում է այս երկիրը, ամերիկյան արժեհամակարգի կարևոր մաս է: Նա քննադատում է այսօրվա վարչակազմի քաղաքականությունն այս ոլորտում՝ այն համարելով վնասարար ԱՄՆ-ի վարկանիշի համար: