Ալիևը ռազմատենչ նոր հայտարարություններ է արել
Ադրբեջանական բանակի տիրապետության տակ գտնվող զենքերն ու զինվորական տեխնիկան ունակ են վերացնել թշնամու ցանկացած ռազմական դիրք ու օբյեկտներ։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Այսօր առկա տեխնիկան ու զենքերը մեզ թույլ են տալիս ճշգրտության բարձր աստիճանով ու մեծ ավերիչ ուժով վերացնել օկուպանտների ցանկացած ռազմական կետ»,- Բաքվում զինվորականներին բնակարանների սեփականության վկայականներ հանձնելիս շեշտել է Ադրբեջանի նախագահը։
Նրա խոսքերով՝ հատկապես պատերազմական վիճակում գտնվող երկրի ուժն առաջին հերթին որոշում է նրա ռազմական հզորությունը։
«Իհարկե, մեր ունեցած հզոր ռազմական պոտենցիալը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման հիմնական կողմն է։ Մեր բանակն այսօր ի զորու է լուծել ցանկացած խնդիր, ինչի վկայությունն են վերջին տարիների իրադարձությունները։ Կարող եմ ասել, որ մեր հաջող գործողությունների արդյունքում այսօր մեր վերահսկողության տակ է անցել նախիջևանյան ուղղությամբ 11 000 հա տարածք»,- ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ այդ օպերացիան թույլ է տվել Ադրբեջանի օդուժին իր հսկողության տակ վերցնել ռազմավարական նշանակության բարձունքներ։
«Այդ բարձունքներին տիրապետելը մեզ հնարավորություն է տալիս լիովին վերահսկել Հայաստանի տարածքում ռազմավարական ճանապարհներն ու ենթակառուցվածքները։ Ե՛վ ապրիլյան ռազմական բախումները, և՛ նախիջևանյան հաջողված գործողությունը ևս մեկ անգամ ցուցադրեցին մեր բանակի բարձր պրոֆեսիոնալիզմն ու մարտունակությունը»,- ասել է նա։
Նա նշել է, որ Զինված ուժերում շատ բարձր է մարտական ոգին։
Ալիևն ասել է, որ Ադրբեջանը կշարունակի հզորացնել իր ռազմական ներուժը՝ նշելով, որ արդեն իսկ կնքված պայմանագրերի իրագործման արդյունքում Ադրբեջան կբերվեն ամենաժամանակակից զինամթերք ու տեխնիկա։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը