Արցախյան պատերազմին մասնակցած ուկրաինացի ազատամարտիկը կառավարությունից բնակարան է ուզում
Ուկրաինայից հայազգի ընկերոջ հետ կամավոր Հայաստան եկած, արցախյան պատերազմին մասնակցած Վիտալի Ռադչենկոն դիմել է «168 Ժամի» խմբագրություն՝ խնդրելով օգնել, որպեսզի իր խնդիրը լուծում ստանա: Հայաստանից նրա միակ պահանջն անկյուն ունենալն ու հանգիստ բնակվելն է: Ասում է՝ բազմիցս դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարություն, նամակ է գրել նախկին նախագահներին ու նույնիսկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, սակայն ապարդյուն:
«Երրորդ խմբի զինհաշմանդամ եմ, Ուկրաինայից կամավոր եկել ու մասնակցել եմ Արցախյան պատերազմին՝ 1993 թվականին՝ Մարտակերտում: Մինչև 1997 թվականը ծառայել եմ Արցախում: Չորս անգամ վիրավորվել եմ, որի հետևանքով էլ աշխատել չեմ կարողանում, չնայած ինչ սև գործ ասես, որ արել եմ: Հիմա առողջական խնդիրներն ավելի են բարդացել, քանի որ ապրում եմ փողոցում:
Իմ ամենամեծ խնդիրը բնակվելու վայր չունենալն է: Ստանում եմ 60.000 դրամ թոշակ, որով չեմ կարող և՛ բնակարան վարձել, և՛ ապրել: Վիրավորվել եմ 1993 թվականին, իսկ հիմա 2018 թվականն է: 25 տարի…Այո՛, եղել են պահեր, որ Պաշտպանության նախարարությունը գումարով օգնել է, բայց դա հարցը չի լուծում: Մեկ անգամ ցուցաբերված օգնությամբ՝ ասենք 100.000 դրամով, ոչինչ չես կարող անել: Ես շարունակել եմ ապրել Հայաստանում, քանի որ այն ինձ համար հայրենիք պետք է դառնա: Եթե կռվել եմ այս հողի ու ազգի համար, ապա պետք է ինձ տեղ տան այս արևի տակ, որպեսզի կարողանամ ապրել:
Ինձ հայկական անձնագիր են տվել, որտեղ որպես բնակության վայր՝ նշված է Նուբարաշեն, 6-րդ փողոց, Սպայական հանրակացարանի հասցեն, իսկ այնտեղ ես չեմ ապրում: Ուղղակի այդ հասցեում են գրանցել: Հայաստանը՝ որպես պետություն, ինձ դավաճանել է, իսկ ես՝ ոչ: 2012 թվականին, երբ անձնագիր ստացա՝ կարծում էի, որ ինչ-որ բան կփոխվի: Բայց ես չեմ փոշմանել այստեղ գալու համար: Այն իմ կյանքի ամենակարևոր քայլն է: Ուրեմն այդպես էր պետք, իմ ճակատագիրն էր: Իմ ընկերը պատերազմի ժամանակ մահացավ, ու ես շարունակեցի նրա գործը: Ես շատ բան եմ սովորել հայերից՝ հայկական մշակույթ, սովորույթներ: Ամեն լավ բան ուզում եմ սովորել ու կրել:
Կարծում եմ՝ հիմա Ուկրաինա չեմ էլ կարող գնալ, քանի որ հնարավոր է՝ ահաբեկիչ համարեն: Գիտեք, որ Ուկրաինան պաշտպանում է Ադրբեջանի տեսակետը, իսկ ես հայկական հողն եմ պաշտպանել, համարվում եմ ահաբեկիչ, ինձ կարող է 5-8 տարվա ազատազրկում սպառնալ»,- ասաց Վիտալի Ռադչենկոն:
ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ