
ԵՄ-ի երկրների դեսպանները հաստատեցին կես տարով ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգումը

Եվրամիության 28 պետությունների դեսպանները դեկտեմբերի 17-ին հաստատել են կես տարով՝ մինչեւ 2019 թվականի հուլիսի 31-ը, ՌԴ-ի դեմ սեկտորալ տնտեսական պատժամիջոցների գործողության երկարաձգումը: Այդ մասին Բրյուսելում հայտնել է եվրոպական դիանագիտական մի աղբյուր:
«Դեսպանները կանաչ լույս վառեցին Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները վեց ամսով երկարացնելու համար»,-հայտարարել է նա: Այս որոշումը տեխնիկական բնույթ է կրում. այն պարզապես ամրագրում է այդ պատժամիջոցների երկարաձգման վերաբերյալ ԵՄ-ի դեկտեմբերի 13-ի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունը: Մինչեւ տարեվերջ դրան պետք է հավանություն տա նաեւ Եվրամիության նախարարական խորհուրդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: