Մատնահետքեր չկային՝ գործել էին ձեռնոցներով…
Հոկտեմբերի 31-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացուհին հայտնեց, որ նույն օրը ժամը 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, ինչ-որ մեկը մտել է Իջևանի Տերյան փողոցի իր տուն և գողացել պլազմային հեռուստացույց, որդու որսորդական հրացանն ու այլ իրեր:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումը արձանագրեց, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են բնակարանի լուսամուտի երկաթյա ճաղավանդակը, բացել են լուսամուտն ու մտել ներս: Մատնահետքեր չկային՝ գործել էին ձեռնոցներով:
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների շնորհիվ կասկածներ առաջացան, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի իջևանցի Մարտուն Սահակյանը: Նա դեկտեմբերի 2-ին հայտնաբերվեց և գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Իջևանի բաժին:
Քննչական փորձարարության ընթացքում գողոնն ամբողջությամբ հայտնաբերվել ու առգրավվել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի գողության ու զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելու կամ շորթելու հատկանիշներով:
Քննությունը շարունակվում է:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: