
Ինչպես է թատրոններ կանոնավոր հաճախումը ազդում տարեց մարդկանց վրա

Կանոնավոր հաճախումը թատրոններ, թանգարաններ կամ կինոթատրոններ էապես նվազեցնում է 50-ից բարձր տարիքի մարդկանց մոտ ընկճախտի առաջացման վտանգը: Այս եզրակացությանն են հանգել Լոնդոնի Համալսարանական քոլեջի մի խումբ գիտնականներ: Նրանց հետազոտության արդյունքները դեկտեմբերի 13-ին հրապարակել է ԱՄՆ-ի Science Daily ինտերնետ-հրատարակությունը։
Հետազոտողները պարզել են, որ հիշյալ տարիքային խմբի մարդկանից մոտ, ովքեր թատերական ներկայացումներ, կինոդահլիճներ կամ ցուցահանդեսներ են հաճախում թեկուզեւ մի քանի ամիսը մեկ անգամ, ընկճախտի առաջացման վտանգը նվազում է 32 տոկոսով: Իսկ այդ խմբից նրանց համար, ովքեր դա անում են ամսական մեկ անգամ, վտանգը նվազում է 48 տոկոսով:
Վերլուծաբաններն իրենց եզրակացություններին հանգել են 2 հազարից ավելի մարդկանց հարցումների եւ նրանց հետ հարցազրույցների հիման վրա, որոնք կատարվել են ավելի քան 10 տարվա ընթացքում: Գիտնականները կարծում են, որ «մշակութային միջոցառումների» բարերար ներգործությունը բացատրվում է նրանով, որ թատերական ներկայացումներն ու ցուցահանդեսները, բացի այլ բաներից, սոցիալական հաղորդակցման վայրեր են, որոնք խթանում են այցելուների ստեղծագործական մտածողությունը, հետեւաբար՝ նաեւ մտավոր գործունեությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: