
«Այս կարճ համարով հնարավոր կլինի անմիջապես կապ հաստատել ԱԱԾ-ի հերթապահ մասի հետ». ԱԱԾ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը գործարկել է ծառայության նոր կայքը, որտեղ թույլատրելիության սահմաններում ավելի շատ տեղեկատվություն կա:
ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, ԱԱԾ գնդապետ Արմեն Քինակցյանի խոսքով՝ նոր կայքը համապատասխանում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված բոլոր չափանիշերին:
Կայքում տեղեկատվություն կա ԱԱԾ-ի հիմնական գործունեության վերաբերյալ, ներկայացված է սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ ուղղություն, կա նաև նոր ուղղություն, որը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո դարձել է ԱԱԾ-ի առանցքային ուղղություններից մեկը՝ տնտեսական անվտանգության ապահովում և կոռուպցիայի դեմ պայքար:
«Նորամուծություններից մեկն էլ մեր թեժ գծի համարն է՝ 1-91, այստեղ կներկայացնենք այդ խորագրի ներքո որոշակի նյութեր, որոնք պետք է տեղադրվեն՝ այն իրադարձություններով և դեպքերով, որոնք կառնչվեն ազգային անվտանգության խնդիրներին և կպահանջեն արագ արձագանքում, մասնավորապես՝ ահաբեկչական գործողություններին մասով: Այս կարճ համարով հնարավոր կլինի անմիջապես կապ հաստատել ԱԱԾ-ի հերթապահ մասի հետ և ներկայացնել հաղորդում»,- ասաց Արմեն Քինակցյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ կայքում թույլատրելիության սահմաններում ներկայացված է նաև ԱԱԾ աշխատանքի ընդունման պայմանները, ինչը նախկինում չի եղել:
Զվարթ Խաչատրյան