Կալանավայրից վերադարձած տղամարդը Ճամբարակում փորձել է բռնաբարել հարևանի կնոջը
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 4 տարվա ազատազրկման է դատապարտել Գեղարքունիքի մարզի 45-ամյա բնակչին՝ բռնաբարության փորձ կատարելու համար։ Ընդ որում՝ սեռական բռնության զոհը եղել է հարեւանի կինը։
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 26-ին. 45-ամյա տղամարդը քրեակատարողական հիմնարկից վերադառնալուց մեկ ամիս անց կրկին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում եւ վերադարձել ՔԿՀ։
Նախկինում գողության, գողության փորձի, իր կնոջն սպառնալու եւ ծեծելու համար դատապարտված 45-ամյա տղամարդը, ով ունի 2 անչափահաս երեխա, 2018 թվականի ապրիլի 26-ին խմած վիճակում իր հանցավոր կենսագրությանն ավելացրել է եւս մեկ դրվագ՝ բռնաբարության փորձ։
Տանը մի քանի բաժակ օղի խմելուց հետո ցանկացել է ծխել եւ գնացել հարեւանից ծխախոտ խնդրելու։ Սակայն հարեւանի տուն չի հասել, քանի որ ճանապարհին տեսել է նրա կնոջը՝ բակի զուգարանի ուղղությամբ են գնալիս եւ ցանկության բնույթը փոխվել է, որոշել է սեռական հարաբերություն ունենալ։
Տղամարդը եւս գնացել է զուգարանի մոտ և սպասել է, որ հարեւանուհին դուրս գա զուգարանից: Երբ վերջինս դուրս է եկել՝ մոտեցել է նրան, բռնել բազուկներից և առաջարկել սեռական հարաբերություն ունենալ իր հետ: Կինը մերժել է առաջարկը ու փորձել ազատվել հարեւանի ձեռքերից, բայց տղամարդը եղել է վճռական։ Նա հարեւանի կնոջը հրել, գցել է գետնին` մեջքի վրա ու ինքը պառկել նրա վրա ու փորձել հանել կնոջ շալվարը։ Վերջինս դիմադրել է, օգնություն կանչել, ինչը լսել է ամուսինը եւ ընդառաջ եկել։ Հարեւանը սկզբում չի հասկացել, թե ինչ է կատարվում եւ հարցրել է, թե ինչ է եղել՝ կատարվում՝ 45-ամյա տղամարդն էլ պատասխանել է, թե «չես տեսնում ինչ եմ անում» ու հեռացել։ Հետագայում գիտակցելով կատարածը նա հարեւաններից ներողություն է խնդրել։
45-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել բռնաբարության փորձի համար՝ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով, ինչը դատարանը հիմնավորված է համարել։ Մեղադրյալը եւս դատարանում ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, զղջացել։ Նախաքննության ընթացքում հայտնել էր, թե երկար ժամանակ կնոջ հետ հարաբերություն չէր ունեցել և իր այդ զազրելի քայլը պայմանավորել խմիչքի ազդեցության տակ գտնվելու հետ։
Նոյեմբերի 20-ի դատավճռով դատարանը նրան դատապարտել է 4 տարվա ազատազրկման։