
«ՀՀ պետական կայքերը 11 ամիսների ընթացքում ենթարկվել են 3 մլն հաքերային հարձակման փորձերի». ԱԱԾ

«Վերջին 11 ամիսների ընթացքում ՀՀ պետական կայքերի վրա եղել է 3 մլն հաքերային հարձակման փորձ, սակայն դրանցից որևէ մեկը նպատակին չի հասել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Արմեն Քինակցյանը:
Ըստ նրա, ԱԱԾ-ն այս ոլորտում հանդիսանում է որպես վերահսկող մարմին՝ միայն պետական կայքերի մասով:
Նա նշեց, որ հաքերային հարձակումները եղել են տարբեր երկրներից, սակայն դրանց հիմնական պատվիրատուն եղել է Ադրբեջանը, իսկ թե եվրոպական որ երկրներից են եղել հարձակումները, ԱԱԾ աշխատակիցը հրաժարվեց կոնկրետ անուններ տալ:
«Այսօր կիբերհանցագործության տեխնոլոգիաները թույլ են տալիս նաև մարդկանց հասցնել ֆիզիկական վնասներ, այսինքն՝ մարդը ապրելով մի երկրում, կարող է համացանցի միջոցով վնաս հասցնել մեկ այլ երկրում ապրող մարդու»,- ընդգծեց Ա. Քինակցյանը:
Զվարթ Խաչատրյան