«Դրամի արժեզրկումը բացառվում է. նման հիմքեր չկան». Ատոմ Մարգարյան
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը բացառում է, որ տոներից հետո կարող է դրամի արժեզրկում տեղի ունենալ։ «Դրամի արժեզրկումը բացառվում է։ Սա պարզապես շուկաները ցնցելու քայլ է։ Նման գործողությունները միշտ էլ լինում են, բայց տարեվերջին, երբ մեծ քանակությամբ արժույթ է մտնում շուկա, և ինչ-որ տեղ դրամը պետք է արժևորվի, նման խոսակցություններն ուղղակի սպեկուլյատիվ նպատակներ են հետապնդում, ինչ-որ մարդկանց կամ ինչ-որ խմբերի կողմից։ Ես չեմ ուզում փակագծեր բացել կամ ինչ-որ ենթադրություններ անել, բայց, ըստ էության, դրամի արժեզրկման հիմքեր չկան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը։
Հիշեցնենք, որ մամուլում այսօր հրապարակում կար այն մասին, որ դրամը կարող է 20 տոկոսով արժեզրկվել։ Մասնավորապես, «Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ ամանորյա տոներից հետո Հայաստանը կարող է բախվել լուրջ ֆինանսական խնդիրների, և դեֆոլտը, որի մասին արդեն տևական ժամանակ կանխատեսում են տարբեր փորձագետներ, այլևս հնարավոր չի լինի հետաձգել: Մեր աղբյուրը չի բացառում, որ իշխանությունները գնան դրամի կուրսի արժեզրկման, մոտավորապես 20 տոկոսի չափով»:
Ատոմ Մարգարյանի կարծիքով, սակայն, բյուջետային իրավիճակը, երկրի ֆինանսական պարտավորությունների կատարման մակարդակը, հարկային մուտքերի կամ գանձումների ռեժիմը և մակարդակը նման հիմքեր չեն տալիս. «Եվ ընդհանրապես, այդպիսի խոսակցություններն ուղղակի պրովոկացիոն հայտարարություններ են»։