
Ռոնալդուն կխոստովանի, որ մեղավոր է և համաձայն է երկու տարվա պայմանական ազատազրկման

Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայում հարկերից խուսափելու գործի վերաբերյալ համաձայնության է եկել:
33-ամյա պորտուգալացին դատական նիստերի դահլիճում կխոստովանի, որ մեղավոր է և համաձայն է երկու տարվա պայմանական ազատազրկման: Դատավարությունը տեղի կունենա Մադրիդում 2019 թվականի հունվարի 14-ին:
Դատարանը Ռոնալդուին կճանաչի մեղավոր 14,7 միլիոն եվրո հարկերից խուսափելու համար: Ռոնալդուն արդեն իսկ վերադարձրել է 13,4 միլիոն եվրո:
Ըստ օրենքի՝ Ռոնալդուն պետք է մասնակցի դատական նիստին, որպեսզի վավերացնի դատարանի հետ ձեռք բերված համաձայնությունը:
Ըստ համաձայնության՝ Ռոնալդուն հիմա չի ազատազրկվի, սակայն, եթե ևս մեկ անգամ Իսպանիայում խուսափի հարկերից, ապա կազատազրկվի երկար ժամկետով:
Սիրարփի Աղաբաբյան