«Հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից». Արթուր Բաղդասարյան
«Օրինաց երկիր» կուսակցությունը տարածել է հաղորդագրություն, որի մեջ, մասնավորապես, ասված է. «Այսօր տեղի ունեցավ ՕԵԿ արտահերթ համագումարը, որին մասնակցում էին ՕԵԿ տարածքային կառույցների ղեկավարները՝ հանրապետության բոլոր մարզերից ու մայրաքաղաքից: Բացելով նիստը` Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց կուսակցության օգտին քվեարկած ավելի քան 12 հազար քաղաքացիներին, համախոհներին, գաղափարակիցներին, կառույցների ղեկավարներին և վերստին շնորհավորեց խորհրդարան անցած բոլոր ուժերին:
Ելույթ ունեցողները ընդգծեցին, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը վերջին 20 տարիների ընթացքում հանդիսանում է ՀՀ առավել ակտիվ քաղաքական ուժերից մեկը, որը 18 տարի շարունակ ներկայացված լինելով ՀՀ Ազգային Ժողովում ՕԵԿ-ը պայքարել է մեր քաղաքացիների սոցիալական պաշտպանության և բարեկեցության, ինչպես նաև արդարության և օրինականության ամրապնդման համար՝ հեղինակելով ավելի քան 250 օրենքներ, բազմաթիվ ժողովրդանպաստ ծրագրեր և նախաձեռնություններ, որոնք նպաստել են հարյուր հազարավոր մեր քաղաքացիների խնդիրների լուծմանը:
ՕԵԿ համագումարը ի գիտություն ընդունեց Արթուր Բաղդասարյանի՝ կուսակցության նախագահի լիազորությունների դադարեցման մասին հայտարարությունը:
«Սիրելի ժողովուրդ, հարգելի պատվիրակներ,
Ես ցանկանում եմ հայտարարել, որ հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից՝ վայր դնելով նաև ՕԵԿ նախագահի լիազորությունները և իմ հետագա կուսակցական գործունեությունը: ՕԵԿ հիմնադրումից 20 տարի անց ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր հայրենակիցներին, ինձ քննադատող ու մերժող, սիրող ու գնահատող մարդկանց, կրկին հայցել բոլորի ներողամտությունը իմ քաղաքական գործունեության ընթացքում ունեցած սխալների ու թերությունների համար, շնորհակալություն հայտնել իմ կատարած աշխատանքը գնահատողներին ու արժևորողներին:
Զբաղվելով հանրային գործունեությամբ՝ կփորձեմ իմ հրապարակային առաջարկություններով նպաստել երկրում կուտակված և օրեցօր բազմացող խնդիրների լուծմանը: Ակտիվ քաղաքականություն կվերադառնամ ժողովրդի ցանկությամբ, երբ զգամ դրա կարիքն ու անհրաժեշտությունը: Աստված պահապան մեր ժողովրդին»-նշել է Արթուր Բաղդասարյանը:
Համագումարը ՕԵԿ նախագահի պաշտոնում առաջադրեց և միաձայն քվեարկությամբ ընտրեց Հովհաննես Հովհաննիսյանին: ՕԵԿ փոխնախագահներ ընտրվեցին Կարինե Սարգսյանը, Վահե Թորոսյանը և Սիմոն Հակոբյանը»:
Ես ցանկանում եմ հայտարարել, որ հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից՝ վայր դնելով նաև ՕԵԿ նախագահի լիազորությունները և իմ հետագա կուսակցական գործունեությունը»: