«Կարծում եմ՝ փոփոխությունները բխում են Արցախի անվտանգության շահերից»

Վերջապես հաստատվեցին օրեր շարունակ շրջանառվող և ակտիվորեն քննարկվող տեղեկություններն Արցախի Հանրապետությունում տեղի ունենալիք կադրային փոփոխությունների մասին։ Պաշտոնապես հայտարարվեց, որ Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանն ազատվել է պաշտոնից։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին, ՊԲ շտաբում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում Պաշտպանության բանակի հրամկազմին է ներկայացրել նոր հրամանատարին՝ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին, ով մեկ տարի առաջ նշանակվել էր ՊԲ գլխավոր շտաբի պետի պաշտոնում, իսկ մինչև այդ ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր։ Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով ՊԲ գլխավոր շտաբի պետ է նշանակվել Ջալալ Հարությունյանը։ Բ. Սահակյանի հրամանագրով, իր դիմումի համաձայն՝ Մուրադ Պետրոսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցչի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ: Բ. Սահակյանի մեկ այլ հրամանագրով՝ Մնացականյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար։ Կրկին շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ սրանք միակ փոփոխությունները չեն լինելու Արցախում։

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում ոչ միանշանակ են ընդունում այս փոփոխությունները՝ հաշվի առնելով վերջին ամիսներին ակտիվորեն քննարկվող պնդումները, թե հայաստանյան հեղափոխությունը տեղափոխվում է և պարտադրվում է Արցախին, ի գիտություն ընդունելով նաև այն հանգամանքը, որ Արցախը գտնվում է կիսապատերազմական՝ ոչ խաղաղ, ոչ պատերազմական իրավիճակում, երբ իշխանությունները հատկապես ուժային կառույցներում փոփոխություններին է՛լ ավելի բարձր պատասխանատվությամբ պետք է վերաբերվեն։ Կան նաև կարծիքներ, որ կադրային փոփոխությունները բանակում բնականոն և անհրաժեշտ երևույթ են ռազմական գործիչների լճացումից խուսափելու և բանակի մարտունակությունը պահպանելու, ավելին՝ կատարելագործելու նպատակով։

«168 Ժամի» հետ զրույցում 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն այս փոփոխությունների կոնտեքստում ներքաղաքական պատճառներ չմատնանշեց։ Նա նշեց, որ հետևում է, թե ինչ վարկածներ են քննարկում համացանցում։

Սակայն, նրա կարծիքով, իշխանությունները, հատկապես՝ հակամարտության մեջ գտնվող երկրի իշխանությունները, մինչ այս և մի շարք այլ ոլորտներում կադրային փոփոխությունների դիմելն ուսումնասիրություններ են իրականացնում, դիտարկում կադրային բազան և համապատասխան որոշումներ կայացնում երկար կշռադատելուց հետո։

Նրա որակմամբ, փոփոխությունները նորմալ «կյանքային» երևույթներ են, ռոտացիան նորմալ է, այդ ոլորտում ռոտացիա է տեղի ունենում ամենուր, այդ թվում՝ Ռուսաստանում։

Ըստ գեներալ-լեյտենանտի՝ փոփոխված բոլոր պաշտոնները չափազանց կարևոր նշանակություն ունեն Արցախի Հանրապետության անվտանգության համար։

Տեր-Գրիգորյանցն ասաց, որ իր կողմից սխալ կլինի գնահատել կադրային քաղաքականությունը և արված փոփոխությունների նպատակահարմարությունը։ Սակայն, նրա պնդմամբ, եթե արվել են փոփոխություններ, նշանակում է երկրի՝ Արցախի Հանրապետության գերագույն գլխավոր հրամանատարն անընդհատ կերպով զբաղվում է Արցախի անվտանգությամբ, մտածում, թե ինչպես կարելի է կատարելագործել զինված ուժերը՝ բարձրացնելով մարտունակությունը։

Գեներալ-լեյտենանտի խոսքով, Արտակարգ իրավիճակների ծառայությունը, որի տնօրեն է նշանակվել Լևոն Մնացականյանը, չափազանց բարդ և լուրջ ոլորտ է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Ըստ նրա՝ դա պակաս կարևոր չէ, քան Պաշտպանության նախարարությունը։ Արտակարգ իրավիճակները, գեներալի խոսքով, ևս վերաբերում է երկրի պաշտպանության ոլորտին, և Արցախի դեպքում դա ավելի կարևոր նշանակություն ունի։

«Խոսքը ոչ միայն բնական աղետների՝ երկրաշարժերի և այլնի, հետևանքների վերացմանն է վերաբերում, այլև պատերազմական իրավիճակում հետևանքների վերացմանը, քաղաքացիական պաշտպանությանը, կարևոր պետական օբյեկտների վերահսկողությանը, կադրերի և մասնագետների պատրաստմանը. ցանկը կարելի է երկար շարունակել։ Դա շատ պատասխանատու ոլորտ է։

Եթե նա նշանակվել է այդտեղ, ուրեմն նա անհրաժեշտ է այդ ոլորտում, նա արդեն լավ ուղի է անցել ՊՆ-ում, և կարելի է նրան տեղափոխել նաև այլ պատասխանատու պաշտոնի՝ հաշվի առնելով, որ այնտեղ հաջողել է, այստեղ ևս կհաջողի։ Սրանք գերագույն գլխավոր հրամանատարի որոշումներ են, նրանք ուսումնասիրել են և ավելի լավ գիտեն, թե որ գործչին որ պաշտոնում նշանակեն։

Գլխավոր շտաբի նոր պետին, ցավոք, չեմ ճանաչում, բայց շտաբը բանակի ուղեղն է՝ կառավարում ու կոորդինացնում է ողջ աշխատանքը, շատ կարևոր մարմին է Գլխավոր շտաբը։ Վստահ եմ, որ ճիշտ որոշում է կայացվել։ Ի դեպ, ճգնաժամային իրավիճակներում Պաշտպանության նախարարությունն ու Արտակարգ իրավիճակների ծառայությունն աշխատում են՝ սերտ համագործակցելով միմյանց հետ, Մնացականյանը, ով նախկինում աշխատել է ՊՆ ղեկավար, կարող է է՛լ ավելի արդյունավետ աշխատել ՊՆ ղեկավարի հետ՝ համակարգելով միասնական աշխատանքը։ Կարծում եմ՝ այս ամենը երկրի անվտանգության շահերից է բխում։ Սա ցույց է տալիս, որ կա շարունակական աշխատանք, որը լավ է, կարելի է ողջունել»,- ասաց Նորատ Տեր-Գրիգորյանցը։

Գեներալ-լեյտենանտը հիշեցրեց, որ 2016 թվականին Արցախում տեղի ունեցածից հետո ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հորդորով որոշ փոփոխություններ տեղի ունեցան, քանի որ որոշ գործիչներ ձախողել էին, սխալներ էին թույլ տվել, ուստի եղան համապատասխան փոփոխություններ։

«Դա այլ իրավիճակ էր, սա այդ դեպքը չէ, սա պարզապես վերադասավորում է, ինչը զինված ուժերում նորմալ երևույթ է։ Աշխատանքային իրավիճակ է, որն Արցախի անվտանգության շահերին համահունչ է»,- ասաց ռուսաստանաբնակ Նորատ Տեր-Գրիգորյանցը։

Տեսանյութեր

Լրահոս