
«Նրա կուտակած փորձն ու գիտելիքները դեռ երկար տարիներ ծառայելու են մեր հայրենիքի անվտանգության մակարդակի բարձրացմանը». Արայիկ Հարությունյանը՝ Լևոն Մնացականյանի մասին

ԼՂ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայրենիքի իսկական նվիրյալ, օրինակելի զինվորականի տեսակ, որով կարող է հպարտանալ աշխարհի յուրաքանչյուր հզոր բանակ: Այսպես կարող եմ բնութագրել Արցախյան պատերազմում թրծված, հայկական զինված ուժերի ստեղծման ակունքներում կանգնած և նրա կայացման ու հզորացման գործում իր ծանրակշիռ մասնակցությունն ունեցած՝ իմ մարտական ընկերոջը՝ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին:
Անուրանալի է մեր երկրի պաշտպանունակության գործում նրա ունեցած դերակատարությունը, իսկ ապրիլյան պատերազմի ժամանակ Լևոն Մնացականյանի՝ իբրև պաշտպանության նախարարի և պաշտպանության բանակի հրամանատարի ցուցաբերած ռազմավարական մտածողությունն ու խիզախությունն արժանի են ամենաբարձր գնահատականին: Համոզված եմ՝ նրա կուտակած փորձն ու գիտելիքները դեռ երկար տարիներ ծառայելու են մեր հայրենիքի անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Առիթն օգտագործելով՝ իմ ջերմ շնորհավորանքներն եմ ուզում փոխանցել նաև նշանակալի մարտական ու զինվորական ուղի անցած՝ պաշտպանության նորանշանակ նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին և բանակի շտաբի պետի պաշտոնում նշանակված Ջալալ Հարությունյանին: Վստահ եմ՝ Արցախի պաշտպանությունն ու անվտանգությունը հուսալի ձեռքերում են»:
Հայրենիքի իսկական նվիրյալ, օրինակելի զինվորականի տեսակ, որով կարող է հպարտանալ աշխարհի յուրաքանչյուր հզոր բանակ: Այսպես…
Gepostet von Արայիկ Հարությունյան / Arayik Harutyunyan am Freitag, 14. Dezember 2018