
Ալիևը ու Չավուշօղլուն քննարկել են արցախյան հիմնախնդիրը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով մեկնել է Բաքու։ Չավուշօղլուն Ադրբեջանում մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության արտգործանախարարների նիստին, ինչպես նաև առաձին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Թեև Լավրով-Չավուշօղլու հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների ետևում, այնուամենայնիվ Թուրքիայի արտգործնախարարը լրագրողներին որոշ մանրամասներ է ներկայացրել հանդիպման վերաբերյալ։
«Հանդիպմանը քննարկել ենք ռուս-թուրքական նախագծերը, առևտրատնտեսական հարաբերությունները, վիզաների ազատականացման հարցը և հյուպատոսարանի հետ կապված խնդիրները։ Անկեղծ և բարեկամական մթնոլորտում խոսել ենք տարածաշրջանային երկկողմ հարաբերություններին առնչվող խնդիրների մասին»,- ասել է Չավուշօղլուն։
Թուրքական աղբյուրը որոշ տեղեկություններ է հաղորդել նաև Ալիև-Չավուշօղլու հանդիպումից։ Հայտնի է, որ հանդիպմանը խոսվել է արցախյան հարցի մասին, որի ընթաքցքում Չավուշօղլուն նշել է, թե Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին արցախյան հակամարտության հարցում Ադրբեջանի «տարածքային ամբողջականության պահպանման համատեքստում»։