
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում, և Էյրլի Լիտցենբերգերի թեկնածությունը՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների պաշտոնում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ում հաղորդագրություն է տարածել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի էջը:
Ըստ հաղորդագրության՝ որոշումն ընդունվել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից աջակցություն վայելող՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանի թեկնածուի պաշտոնի ստանձնման հետաձգումից հետո, որպեսզի ԱՄՆ սենատորներին հնարավորություն տրվի ավելի մեծ հստակություն մտցնել ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի անխոհեմ առաջարկում, որը վերաբերում էր ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին։
«Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը անհամբեր սպասում է դեսպանի պաշտոնում Թրեյսիի թեկնածության հավանությանը և Հայաստանում նրա ծառայության անցնելուն, որտեղ նա լավ հնարավորություն կունենա բարելավելու հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։