Նիկոլ Փաշինյանի ուղիղ հանձնարարականը կառավարության անդամներին
Կառավարության այսօրվա նիստի սկզբում ՀՀ վարչապետի պաշոտնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մի քանի կարևոր անելիքների, որոնք առաջիկայում պետք է իրականացվեն: Ըստ նրա՝ առաջինը տնտեսական հեղափոխության համատեքստում ներդրումների խրախուսումն է:
Ն.Փաշինյանը նշեց, որ պետք է արձանագրել, որ ՀՀ նկատմամբ ներդրումային մեծ հետաքրքրություն կա, և այդ հետաքրքրությունն առաջիկայում շարունակելու է աճել:
«Ես ուզում եմ ՀՀ բոլոր պետական պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա, և իմ ուղիղ հանձնարարականն է, որ պետք է ստեղծել բոլոր պայմանները և չստեղծել որևէ խոչընդոտ պոտենցիալ ներդրողների համար: Եվ հույս ունեմ, որ որևէ ազդակ չեմ ստանա որևէ պաշտոնյայի մասին, որ որևէ ներդրումային նախագծի առաջ խոչընդոտներ են հարուցում և այդպես շարունակ»,- ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ բյուրոկրատական քաշքշուկների ինստիտուտի վերացումը նախատեսված է իրենց ծրագրով:
Նրա խոսքով՝ բոլոր պաշտոնյաները պետք է բոլոր ներդրողների համար բարենպաստ պայմաններ ստեղծեն:
Երկրորդ խնդիրը, ինչպես նշեց Փաշինյանը, ռազմարդյունաբերական համալիրի զարգացումն է.
«Այս խնդրի լուծումը ես կապում եմ Հայաստանը տեխնոլոիգիական երկիր դարձնելու մեր տեսլականի հետ, ինչպես նաև ինժեներական ու գիտական միտքը զարգացնելու հրամայականի հետ, ինչը, իհարկե, առաջիկա ամենակարևոր անելիքների մեջ է»:
Փաշինյանի խոսքով՝ հաջորդը զինված ուժերի մարտունակության բարձրացման հարցն է, որի մասին խոսել են նաև նախընտրական շրջանում.
«Ասել եմ, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում մենք պետք է ի վիճակի լինենք զինված ուժերի զարգացման նպատակի համար ներդնել շուրջ 2.5 մլրդ դոլար: Այդ միջոցները գտնելու ուղղությամբ մենք պետք է լուրջ աշխատանք տանենք: Խոսքը հավելյալ միջոցների մասին է, որոնց մի մասը պետք է ուղղված լինի նաև զինծառայողների սոցիալական վիճակի բարելավմանը»:
Ն.Փաշինյանի խոսքով՝ հաջորդը կրթության ոլորտի զարգացումն է, որտեղ լրջագույն անելիքներ կան. «Բարձրագույն կրթական համակարգը պետք է որակական նոր մակարդակի վրա դրվի, այն կոնկրետացնել և դրա կապը իրականության, տնտեսության կարիքների հետ ուժեղացնել: Մենք խոսել ենք նաև բարձրագույն կրթության ոլորտի համախմբման անհրաժեշտության մասին: Ես կարծում եմ, որ մեծ դիսբալանս է առաջացել պաշտոնական և գերատեսչական բուհական համակարգերի միջև և մենք պետք է միասնականացնենք, որ լինի միասնական բուհական համակարգ»:
Ըստ նրա՝ առողջապահության համակարագը պետք է բարելավվի, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման խնդիրը լուծվի, որի մասին նույնպես նախընտրական շրջանում բազմիցս քննարկել են. «Որպես այս ամենի հանգուցալուծում կամ գագաթնակետ, մենք պետք է ընկալենք որպես ՀՀ քաղաքացիների բարեկեցության էական ու շոշափելի փոփոխությունների արձանագրումը, և մեր նախընտրական ծրագրի կարևորագույն դրույթներից մեկն է ՀՀ-ում ծայրահեղ աղքատության վերացման խնդիրը»:
«Այս խնդիրները լուծելու համար մենք ունենք ՀՀ քաղաքացիների մանդատը»,- ասաց Փաշինյանը: