«Այնտեղ ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանում մտահոգվեն»

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը խորհրդարան անցած երկրորդ և երրորդ ուժերից որևէ մեկին այս պահին չի դիտարկում՝ որպես ընդդիմադիր, քանի որ ամեն ինչ պայմանավորված է տվյալ իրավիճակում քննարկվող հարցերով: Օրինակ՝ Արցախի հարցի հետ կապված նրանցից որևէ մեկն ընդդիմադիր չէ, ինչպես ամբողջ ժողովուրդն ընդդիմադիր չի լինի դրա հայանպաստ լուծմանը։

Անդրադառնալով դեկտեմբերի 5-ին Միլանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը և դրանից հետո Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարությանը, համաձայն որի՝ երեք ժամ տևած հանդիպումը բավականին արդյունավետ էր, Թևան Պողոսյանը նկատեց, որ այդ հայտարարությունը դիտարկելուց պետք է հաշվի առնեն նաև ժամանակահատվածը, քանի որ բոլորը փորձում են օգտվել ու առաջ տանել իրենց շահերը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ունեն իրենց շահերը, մի բան ասելու և իրենց շահերն առաջ տանելու, այդ պատճառով էլ նման ոճի մեջ են նրանց հայտարարությունները։ Դրան զուգահեռ՝ Ադրբեջանը ևս ունի իր շահերը և այս ամենի մեջ փորձում է դրանք առաջ տանել։ Այնտեղ ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանում մտահոգվեն, որ վաղն ազատագրված տարածքները հանձնվելու են։ Ադրբեջանը փորձում է իր հանրությանն ասել, որ աշխատում են»,- ասաց Թևան Պողոսյանը։

Նրա խոսքով՝ այս հարցը պետք է դիտարկվի հայկական կողմի տեսանկյունից. «Արդյո՞ք մենք լսել ենք, որ ավելի քիչ գումար է տրամադրվելու մեր ռազմական բյուջեին՝ չենք լսել, արդյո՞ք լսել ենք, որ ավելի քիչ զորավարժություններ են անցկացվելու՝չենք լսել։ Ամեն ինչին եկեք մեր վարքագծից ու տեսանկյունից նայենք։ Շատ կցանկանայի, որ բացի Մամեդյարովից, Զոհրաբ Մնացականյանն այդ հանդիպման հետ կապված իր կարծիքն ասեր՝ գիտակցելով, որ այդ հայտարարությունը լսում է նաև հայ ժողովուրդը, և նրան ևս արժե մի քիչ հպարտություն տալ, որպեսզի հպարտ զգան, թե ինչ են արել»։

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, Թևան Պողոսյանն ասաց, որ այսօր իր հաշվարկներում Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ժխտելն ավելի հանգիստ է, քան չժխտելը. «Որ պահին հասկանան, որ իր 3 տարվա բյուջեն պետք է ծախսի, որպեսզի ժխտի Ցեղասպանության փաստը, կդրսևորի այլ վարքագիծ»։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս