Բաժիններ՝

Բացատրեք՝ ինչո՞ւ է վարորդը կարմիր գծերի համար տարեկան վճարում 12.000 դրամ՝ դրա դիմաց ոչինչ չստանալով

Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղիների՝ կարմիր գծերի հետ կապված կարծիքներ շարունակում են հայտնել վարորդները, իսկ Քաղաքապետարանում դեռևս հստակ մեխանիզմներ չեն մշակել:

«Երևանի քաղաքապետարանում կարմիր գծերի վերաբերյալ քննարկումները սկսվում և ավարտվում են այն եզրակացությամբ, որ, այո՛, պետք է ինչ-որ համակարգ մշակել, որը թույլ կտա արդարացի դարձնել կարմիր գծերի գաղափարը: Բայց, եթե հիմքն անարդար է, դու չես կարող արդար ինչ-որ բան կառուցել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը:

«Կարմիր գծերը սկզբում ունեին երկու նպատակ. առաջինը՝ բեռնաթափել Երևանը մեքենաներից: Այս արդարացումը, կարծում եմ, զավեշտ է, երկրորդ բացատրությունն էլ այն էր, որ, եթե հանրային տարածքից մարդիկ օգտվում են, ապա, ինչո՞ւ ոչ, պետք է վճարեն: Սա նույնպես զավեշտ է: Այդ դեպքում եկեք մայթերում էլ կապույտ գծեր գծենք ու մարդիկ զբոսնելիս գումար վճարեն, քանի որ իրենք էլ են օգտվում հանրային տարածքից»,- նկատեց Արման Աբովյանը:

Երևանի ավագանու անդամը կարծում է, որ կարմիր գծեր կարող են լինել այն դեպքում, երբ իսպառ լուծվում է քաղաքային տրանսպորտի հարցը:

«Պետք է ներդրվի տրանսպորտային այն համակարգը, որը կնպաստի, որպեսզի մարդիկ մեքենայով չհասնեն քաղաքի կենտրոն: Եվ հետո՝ ինչո՞ւ պետք է կարմիր գծերը, կենտրոնից բացի, լինեն նաև ծայրամասերում: Ավելին, ո՞վ է որոշում, որ, ասենք, Ալավերդյան փողոցում պետք է լինեն կարմիր գծեր: Ամենակարևորը՝ այլընտրանք չկա: Մարդուն ասում ենք՝ կամ գումարը վճարում ես, կամ մեքենադ չես կարող կայանել: Եվ սա՝ այն պարագայում, որ գումար վճարում ես, բայց միևնույն է՝ մեքենադ հաճախ չես կարողանում կայանել: Կամ, եթե վարորդը վճարում է դրանց համար, դրա դիմաց ի՞նչ է ստանում. ոչ մի բան: Գալիս, մեքենան վնասում են, ու ոչ ոք տեր չի լինում»:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք նպատակայի՞ն է ծախսվում կարմիր գծերից ստացված հասույթը, Արման Աբովյանը պատասխանեց.

«Կարմիր գծերից հավաքված գումարը հեղափոխությունից հետո քաղաքային իշխանությունները կոպեկ առ կոպեկ նպատակային, արդարացված են ծախսում: Խոսք չի կարող գնալ գումարի ոչ նպատակային ծախսման մասին, դա բացառված է: Խնդիրը ոչ թե սա է, այլ այն, որ հանրությունը պահանջում է, որպեսզի բացատրենք, թե ինչո՞ւ է վարորդը տարեկան մուծում 12.000 դրամ՝ դրա դիմաց ոչինչ չստանալով, նույնիսկ կայանատեղի: Կարծում եմ՝ կարմիր գծերը պետք է վերացվեն, մինչև չլուծվեն տրանսպորտի, կայանատեղիների հարցերը»:

Նշենք, որ 168.am-ը հարցախույզ էր անցկացրել, և վարորդների մեծ մասը դժգոհել էր կարմիր գծերից:

«Կարմիր գծերը շատ են խանգարում վարորդներին: Դրանց պատճառով է, որ ոմանք հաճախ համարները փակում ու գալիս կանգնում են: Կարծում եմ՝ անիմաստ են կարմիր գծերը, քանի որ օրինապաշտ վարորդները տուգանքը վճարում են, օրենքներին չհետևողները՝ ոչ: Ավելորդ ծախս է ուղղակի, չգիտեմ էլ՝ նպատակահարմար ծախսո՞ւմ են հետո այդ գումարը, թե՞ ոչ»,- ասել էր վարորդներից մեկը:

«Ես էլ եմ դեմ կարմիր գծերին, որովհետև, երբ մտնում ես, ասենք, դեղատուն՝ ուշք ու միտքդ այնտեղից շուտ դուրս գալն է, որ հանկարծ ակտ չգա: Օրինակ՝ երեխայի համար դեղ եմ գնում 250 դրամի, բայց ակտ է գալիս 5000 դրամ, սա պե՞տք է: Բա որ հերթ է լինում, պատկերացնո՞ւմ եք՝ վնասն ինչքան շատ է: Դեղատունը, որից հաճախ օգտվում եմ՝ խաչմերուկում է, անկյան վրա: Մեքենան կայանելը բարդ է: Կանգնեմ՝ կնկարեն, չկանգնեմ՝ կարող է մարդ մահանա: Ամբողջ կյանքներս առանց այս կարմիր գծերի ապրել ենք, էլի կապրենք»,- նշել էր մեր զրուցակիցներից մեկը:

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության հիմնադիր Տիգրան Քեյանն էլ հայտնել էր, որ կարմիր գծերի հետ կապված իրենք ստացել են տարբեր դժգոհություններ:

«Հիմնականում շատերը դժգոհում են, որ մեքենաները վնասվում են, և իրենք չեն կարողանում պարզել, թե ո՞ւմ կողմից է վնաս հասցվել: Երկրորդ մեծ խնդիրն այն է, որ վճարում են, բայց հետո չեն կարողանում կայանատեղի գտնել: Ըստ էության՝ կարմիր գծերը ոչ օգնում են, ոչ խանգարում: Դրականն այն է, որ լրացուցիչ կայանատեղիներ կարող են լինել, և մարդիկ հանգիստ կկայանեն, բացասականն էլ այն է, որ ֆինանսապես մարդիկ տուժում են»,- նշել էր Տիգրան Քեյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս