«Եթե համեմատենք Երևանի ավագանու ընտրությունների հետ, ապա այս ընտրություններն ավելի հեռու էին իդեալական լինելուց»

«Մեր երկրի և պետականության համար ունեցել ենք շատ կարևոր իրադարձություն։ Ընտրություններն աննախադեպ էին այն առումով, որ քաղաքացիների կամքը մեր երկրում երբևէ այդքան համարժեք իրականացված չէր։ Բայց չի կարելի ասել, որ այս ընտրություններն անցել են առանց թերությունների, եթե համեմատենք Երևանի ավագանու ընտրությունների հետ, ապա այս ընտրություններն ավելի հեռու էին իդեալական լինելուց»,- լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։

Նրա կարծիքով՝ այս ընտրությունների թերությունները պայմանավորված էին մի շարք հանգամանքներով, առաջին հերթին՝ տարածքային ցուցակներն ու ռեյտինգային համակարգն էր, որը նույնիսկ կիրառումից առաջ իր մեջ ակնհայտորեն պարունակում էր լուրջ ռիսկեր։

Նրա բնորոշմամբ, անձնական որակների առումով, նոր խորհրդարանն ավելի որակյալ է, այնտեղ կան անձինք, որոնք գուցե չունեն քաղաքական փորձ, սակայն հանրային կյանքում եղել են ակտիվ, ուստի կարելի է ակնկալել, որ նրանց շահագրգռվածությունն օրենսդրական նախաձեռնություններում և խորհրդարանի կանոնավոր գործունեության առումով օգտակար կլինի։ Այդուհանդերձ, չպետք է ակնկալել, որ խորհրդարանում կարող է լինել լուրջ քաղաքական պայքար։

«Համամիտ չեմ մի շարք գործընկերների հետ, որոնք դժգոհում են, որ խորհրդարանում ընդդիմություն չկա, իսկ այլ տեղ կա՞։ Որպեսզի խորհրդարանում հզոր ընդդիմություն հայտնվի, այն պետք է գոյություն ունենա նաև ընդհանուր քաղաքական դաշտում, այդպիսի ընդդիմություն մենք չունենք։ ՀՀԿ-ի հավակնությունները՝ դառնալ այդպիսի ընդդիմություն, հիմնավորված չէին։ Նոր քաղաքական պայմաններում հզոր ընդդիմություն դառնալու համար պետք է քաղաքական ուժն ունենա լուրջ սոցիալական հենարան, ինչը չունի ՀՀԿ-ն։ Եթե ցանկանում է հետագայում ունենալ որոշակի հաջողություններ, այդ պետք է այդ ամենը նոր ձևավորի»,- շեշտեց Բորիս Նավասարդյանը։

Նրա խոսքով՝ կանխատեսելի էր, որ խորհրդարանում երկրորդ ուժը կլինի ԲՀԿ-ն։

Ինչ վերաբերում է երրորդ ուժին՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, ապա Բորիս Նավասարդյանը նկատեց, որ ի սկզբանե կանախատեսել էր, որ խորհրդարանում երրորդ տեղի համար «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ միասին կպայքարեն նաև ՀՀԿ-ն և «Սասնա ծռերը», սակայն այն բաժին հասավ «Լուսավոր Հայաստանին»։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս