Brexit-ի շուրջը քվեարկության չեղարկումից հետո ընդդիմությունը Մեյին մեղադրել է խորհրդարանին չհարգելու մեջ
Բրիտանական ընդդիմության առաջնորդները Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին մեղադրել են խորհրդարանի որոշումները չհարգելու մեջ՝ Brexit-ի պայմանների համաձայնեցման շուրջը դեկտեմբերի 11-ին պլանավորված քվեարկությունը չեղյալ հայտարարելու պատճառով:
Մեյին հասցեագրված նամակի տեքստը, որի տակ դրված են հինգ ընդդիմադիր խորհրդարանական կուսակցությունների առաջնորդների ստորագրությունները, դեկտեմբերի 11-ին իր Twitter-ում հրապարակել է Sky News հեռուստաալիքի առաջատար քաղաքական մեկնաբան Ֆայսալ Իսլամը։
«(Brexit-ի գործարքի հաստատման հարցի շուրջը) քննարկումների եւ քվեարկության նոր ժամկետներ չեն որոշվել: Մենք կարծում ենք, որ քվեարկության հետաձգումը ցուցադրում է խորհրդարանի եւ դրա այն անդամների նկատմամբ հարգանքի բացակայությունը, որոնք արդեն արտահայտվել են կամ մտադություն ունեին արտահայտվելու քննարկումների ընթացքում: Խորհրդարանի որոշումները վերստին անտեսվում են»,- ասված է փաստաթղթում:
Այժմ Լեյբորիստական կուսակցության, «Լիբերալ դեմոկրատների», Շոտլանդիայի ազգային կուսակցության, «Փլայդ քամրի»-ի եւ «Կանաչների» կուսակցության ղեկավարությունը Մեյից պահանջում է պարզաբանել, թե նա պլանավորում է արդյոք խորհրդարանին ներկայացնել Եվրամիության հետ վերանայված համաձայնագիրը եւ սահմանված ժամկետում (մինչեւ 2019 թվականի հունվարի 21-ը) կկատարի արդյոք Համայնքների պալատին իրազեկելու պարտավորությունն այն դեպքում, եթե Brexit-ն իրականացվի առանց Բրյուսելի հետ գործարքի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: