Գիտնականները նախազգուշացրել են Թեհրանին սպառնացող աղետի մասին
Գերմանական երկրաբանական հետազոտական կենտրոնի մի խումբ գիտնականներ նախազգուշացրել են, որ մոտ ժամանակներս Թեհրանը կարող բախվել լուրջ ենթակառուցվածքային խնդիրների: Այդ մասին հայտնել է Science Alert-ը:
Խնդիրն այն է, որ ստորգետնյա ջրերի ինտենսիվ սպառման պատճառով քաղաքի մի քանի շրջաններ տարեկան իջնում են 25 սանտիմետրով: Գետնի նման նստելն սպառնում է պատերի ու ստորգետնյա հաղորդակցական համակարգի ավերմամբ:
Գիտնականներն այդ եզրակացությանն են եկել՝ 2003-ից մինչեւ 2017 թվականը տարածաշրջանում ուսումնասիրելով գետնի նստելուն վերաբերող արբանյակային տվյալները: Իրանի մայրաքաղաքի նույնիսկ ամենակայուն շրջաններում այդ գործընթացը տեղի է ունենում տարեկան 5 սմ արագությամբ:
Հրատարակությունը նաեւ բերում է Իսպանիայի Ալիկանտեի համալսարանից Ռոբերտո Տոմասի մեկնաբանությունը, որի խոսքով՝ Թեհրանում գետնի նստելու տեմպերը ամենաբարձրն են աշխարհում: Ընդամենը 1984-ից մինչեւ 2011 թվականն ընկած ժամանակաշրջանում Թեհրանում ստորգետնյա ջրերի մակարդակն ընկել է մոտավորապես 12 մետրով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: