
Խաղաղության նոբելյան մրցանակը հանձնվեց Դենի Մուկվեգեին և Նադյա Մուրադին

2018 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակը դեկտեմբերի 10-ին Օսլոյի ռատուշայում կայացած հանդիսավոր արարողությանը հանձնվել է վիրաբույժ Դենի Մուկվեգեին՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից, եւ իրաքցի իրավապաշտպան, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նախկին ստրկուհի Նադյա Մուրադին:
Արարողությունն անցկացվել է Նորվեգիայի կառավարության եւ թագավորական ընտանիքի անդամների ներկայությամբ։ «Նորվեգիայի նոբելյան կոմիտեն որոշում է ընդունել 2018 թվականի խաղաղության մրցանակը շնորհել Դենի Մուկվեգեին եւ Նադյա Մուրադին սեռական բռնությունը զինված հակամարտություններում որպես զենք օգտագործելու դեմ նրանց գործադրած ջանքերի համար»,- ընդգծել է կոմիտեի նախագահ Բերիտ Ռայս-Անդերսենը՝ ելույթ ունենալով արարողությանը:
Այդ միջոցառումը Օսլոյում Խաղաղության օրերի բաղկացուցիչ մասն է, որոնք անցկացվում են դեկտեմբերի 5-ից մինչեւ 12-ը: Այդ ժամանակահատվածում Նորվեգիայի մայրաքաղաքում կազմակերպվում են ֆիլմերի ցուցադրություններ, սեմինարներ, որոնք արծարծում են ահաբեկչության եւ պատերազմի թեմաները, ավանդական ջահերով երթը ի պատիվ դափնեկիրների եւ Խաղաղության նոբելյան մրցանակի ֆորումը, որտեղ գլխավոր թեման կլինի գլոբալ կլիմայական ճգնաժամի լուծման հնարավորությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: