«Հայ հասարակության մեծամասնության համար փոփոխությունների խորհրդանիշը Փաշինյանն է». Վասաձե
«Հայաստանում հասարակության մեծ մասը քվեարկեց հանուն փոփոխությունների»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց վրացի հեղինակավոր քաղաքական վերլուծաբան Գելա Վասաձեն՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին ու մասնակցության ցուցանիշին:
Նա նշեց, որ մասնակցության ցուցանիշն ամենևին էլ ցածր չէ, քանի որ իրականում, ըստ նրա, Հայաստանում չկա 2.5 միլիոն ընտրող: «Մարդկանց մեծ մասը Հայաստանից դուրս են, չեմ բացառում նաև մահացած անձանց հանգամանքը: Այնպես որ՝ մասնակցությունն ավելի բարձր է, քան պաշտոնապես ամրագրված է: Չեմ կարող պնդել, բայց կարծում եմ, որ 70 տոկոսից ոչ պակաս, նույնիսկ ավելի բարձր, թեև դրա մասին մենք կիմանանք, եթե ստանանք ընտրողների իրական ցուցակները»,- նման տեսակետ հայտնեց Գելա Վասաձեն:
Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա Վասաձեն ասաց, որ սպասելի էին ստացված արդյունքները: Նրա բնորոշմամբ՝ հասարակության մեծ մասը քվեարկեց հանուն փոփոխությունների, և այդ մեծամասնության համար փոփոխությունների խորհրդանիշը Փաշինյանն է:
«Այս ընտրություններում ժողովուրդը Փաշինյանին կրեդիտ տվեց, չգիտեմ, թե որքան երկարաժամկետ, բայց հստակ գիտեմ, որ այդ կրեդիտի տոկոսները չափազանց բարձր են: Իսկ ապագան կանխատեսելն անշնորհակալ գործ է, ուստի կարող եմ միայն մաղթել, որ ամեն բան լավ լինի»,- ասաց Վասաձեն: