«Ես մասնակցել եմ 17 ընտրությունների և այսպիսի բան չեմ տեսել». Պետեր Օսուսկի
«Ես մասնակցել եմ 17 ընտրությունների և այսպիսի բան չեմ տեսել, այստեղ իրական ընտրություն էր, իրական քվեների հաշվարկ էր գնում։ Այս ընտրությունները եղել են ազատ ու արդար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար Պետեր Օսուսկին՝ ներկայացնելով դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերաբերյալ առաքելության նախնական եզրակացությունը։
Ըստ նրա՝ Գերմանիայի և Հայաստանի տարբերությունն այն էր, որ այստեղ քաղաքական կուսակցություններին կից՝ այլ հաստատություններ կան, որն այս երկրի առանձնահատկությունն է։ Նա դրական գնահատեց քաղաքական բաց բանավեճը, այդ թվում՝ ԶԼՄ-ներում, որը նպաստել է աշխույժ քարոզարշավի անցկացմանը՝ չնայած առցանց սադրիչ հռետորաբանության դեպքերը մտահոգության տեղիք են տվել, ամեն դեպքում, «քվեների առքուվաճառք» տեղի չի ունեցել, որը հնարավորություն է տվել քաղաքական ուժերի միջև մեծ մրցակցության կայացմանը.
«Կանխամտածված ընտրախախտումների, այդ թվում՝ ընտրակաշառքի և ընտրողների վրա ճնշումների ընդհանուր բացակայությունն իրական մրցակցության հնարավորություն է ընձեռել»։
Միջազգային դիտորդների կարծիքով՝ չնայած կարճ ժամկետին, ընտրությունները լավ էին կազմակերպված, ընտրությունների օրն ընթացել է հանգիստ և խաղաղ։
Առաքելության ղեկավարը որոշակի մտահոգություն հայտնեց նաև կուսակցությունների ֆինանսավորման կարգի հետ կապված, որը ստեղծել է անհավասար պայմաններ։
Օսուսկին նշեց, որ շատ է լսել, թե ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու հույս չկա, բայց այժմ այլ կարծիք ունի.
«Փառք Աստծո, Հայաստանում այդ հույսը կա»:
ԵԽ ԽՎ ներկայացուցիչ Ալեքսանդր Պոսյեի խոսքով՝ այս տարվա, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը, իհարկե, նաև՝ սրա հետ միասին, ՀՀ ղեկավարության քաղաքական կամքը հնարավորություն տվեց, որպեսզի իրականացվեն իրական ժողովրդավարական ընտրություններ։
Ըստ նրա՝ չնայած բարդ ընտրական համակարգի, սոցիալական ցանցերի միջամտություններին, չկարգավորված ընտրակարգին և այլ երևույթներին, ՀՀ-ում ընտրություններն անցել են ազատ ու արդար պայմաններում, վայելել են հանրության լայն վստահությունը, ինչը պետք է պահպանվի ընտրական հետագա բարեփոխումների ժամանակ։
Պոսյեն նշեց, որ Հայաստանին անհրաժեշտ են ընտրական բարեփոխումները, ու դրանց անցկացնելուն կաջակցեն Վենետիկի հանձնաժողովն ու ԵԽ ԽՎ-ն. «Եվրոպացի գործընկերները հույս ունեն շարունակել իրենց համագործակցությունը Հայաստանի հետ»։