«Հայաստանում վտանգավոր իրավիճակ է ստեղծվում». Ստանիսլավ Տարասով

«Արտահերթ խորհրդարանական ընտրություններում մասնակցության ցածր ցուցանիշն անհանգստացնող է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ընտրությունների արդյունքներին և ցածր մասնակցությանը:

Նա նշեց, որ երեկ կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները և՛ մասնակցության, և՛ գրանցած արդյունքների տեսանկյունից անհանգստացնող են: Նրա բնորոշմամբ՝ իրավիճակը նույնիսկ վտանգավոր է, քանի որ ձևավորվելիք հեղափոխական խորհրդարանն ըստ էության չի ունենալու ողջ հասարակության աջակցությունը, այնինչ նրանք պետք է սկսեն երկրում լուրջ բարեփոխումներ իրականացնել, որը ստացվելու է, որ չի արժանանալու ողջ հասարակության հավանությանը, հատկապես՝ Հայաստանի երկու ակտիվ քաղաքներում՝ Երևանում և Գյումրիում: Տարասովի կարծիքով՝ իրավիճակը ոչ ստանդարտ է՝ նույնիսկ հետհեղափոխական իրավիճակը հաշվի առնելով:

«Ինչո՞ւ է մասնակցությունը ցածր, որովհետև բողոքական ընտրազանգվածը պարզապես չի մասնակցել ընտրություններին, ինչու է հրաժարվել, որովհետև կա հիասթափություն, կա հավատի բացակայություն այս հեղափոխության վերաբերյալ: Այսինքն`այս մասնակցությունը, ըստ իս, ցույց է տալիս, որ հեղափոխություն չի եղել, այլ եղել է պետական հեղաշրջում:

Մասնակցությունը ցածր է, բայց քվեարկությանը մասնակցածների գերակշռող մեծամասնությունն իր քվեն տվել է Փաշինյանին, դա ևս վտանգավոր ցուցանիշ է, նույնիսկ Սերժ Սարգսյանի դեպքում նման արդյունքներ չէին լինում: Տեսականորեն, քաղաքագիտորեն ընկեր Փաշինյանը հիմք է դնում նոր ցնցումների համար, նա բոլշևիկի նման է գործում` եկավ ու սկսեց պատմության հետ հաշիվներ մաքրել` Քոչարյանին կալանավորեց, Խաչատուրովին հանեց, ռուսական ընկերությունների դեմ կոռուպցիոն ռիսկեր ի հայտ բերեց, Սերժ Սարգսյանին մի կողմ ուղարկեց:

Բայց կան հայտարարություններ, լոզունգներ  բարեփոխումների իրականացման անհրաժեշտության մասին, որի կարիքն իսկապես կա, բայց նախընտրական քարոզարշավի ժամանակ ես ծրագիր չեմ տեսել, բարեփոխումների տեսլական չեմ տեսել: Արդեն դեկտեմբեր ամիսն է, կես տարի է անցել, այս ընթացքում  կարելի էր համապատասխան փորձագետների օգնությամբ գոնե կառավարման արդյունավետ ծրագիր, բարեփոխումների փաթեթ ներկայացնել:

Բայց ես միայն լոզունգներ եմ լսել: Չի բացառվում, որ նոր ուժ հայտնվի, չի բացառվում, որ նոր ցնցումներ լինեն, նախադրյալներ են ստեղծվում նոր անկայունությունների համար»,- ասաց Տարասովը: Դիտարկմանը, թե կա կարծիք, որ մասնակցությունը քիչ է, քանի որ նախկին իշխանությունների դեպքում ընտրախախտումների` ընտրակաշառքների ազդեցությամբ են շատ ընտրողներ գնացել ընտրատեղամասեր՝ դրանով իսկ ապահովելով մասնակցության ավելի բարձր ցուցանիշներ, Տարասովն ասաց, որ որքան հասցրել է հետևել, այս անգամ ևս եղել են ընտրախախտումներ:

«Ի դեպ, մասնակցության ցուցանիշն այնքան քիչ է, որ չեմ կարծում, որ միայն այդ գործոնի ազդեցությունն է: Կա հիասթափություն քաղաքական ներկայիս գործընթացներից»,- նման վստահություն հայտնեց Տարասովը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, նրա խոսքով, Ռուսաստանը ցանկանում է, որպեսզի Հայաստանը դուրս գա այս վիճակից: «Անհանգստությամբ ենք հետևում այն ամենին, ինչ կատարվում է»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս