«Դատախազությունն ուղղակի պարտավոր է հարցաքննության հրավիրել Փաշինյանին». Դավիթ Շահնազարյան

«Գաղտնալսման բովանդակությունն ապացուցեց, որ ՀՀ-ում բացարձակապես արդարադատություն գոյություն չունի»,- թիվ 9/50 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը։

Նրա խոսքով՝ ստեղծվել է իրավիճակ, երբ Փաշինյանի իշխանության օրոք ցանկացած անձ, որ դատապարտվել է, կարող է դիմել միջազգային դատարան և մեջբերելով այս գաղտնալսումը՝ ցույց տալ ՀՀ-ում արդարադատության իսպառ բացակայությունը. «ՀՀ-ում արդարադատությունն այսօր Նիկոլ Փաշինյանի գործադիր օրգանի է վերածվել։ Ինչպես գիտեք՝ առաջին գաղտնալսումից հետո Դատախազությունը քրեական գործ էր հարուցել, և եթե այդ անձիք ճիշտ են ասում, ԱԱԾ տնօրենն  ու ՀՔԾ պետը հրավիրվել էին Դատախազություն՝ հարցաքննության։ Երկրորդ գաղտնալսումից հետո Դատախազությունն ուղղակի պարտավոր է, և ես պահանջում եմ, որ հրավիրի հարցաքննության Փաշինյանին, ծանուցագիր ուղարկի, Փաշինյանն էլ քայլ անի ու գնա Դատախազություն։ Կամաց-կամաց թող սովորի ցուցումունք տալ»։

Նա ասաց, որ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի է ունեցել պետական հեղաշրջում, որն ըստ նրա՝ կապացուցի միջազգային քննությունը, երբ դրա ժամանակը գա։

«Ապրիլ-մայիս ամիսներին եղել է հեղաշրջում և սահմանադրական կարգի տապալում։ Երկու խնդրանք պարոն Վանեցյանին. պարոն Վանեցյան, ուղղակի զանգահարեք, ես ինքս կգամ, տղաներին պետք չէ անհարմար վիճակի մեջ դնել։ Երկրորդ՝ պարոն Վանեցյան, ես գիտեմ, որ իմ ասուլիսը սղագրել և դրել եք վարչապետի առաջ, ես պատրաստվում եմ դա թղթին հանձնել և հրապարակել մի քանի լեզուներով։ Այդ սղագրության տեքստն ուղարկեք ինձ, էլի, ժամանակ չկորցնեմ, խոսք եմ տալիս, ոչ ոքի չեմ ասի, որ դուք եք ուղարկել, և նախապես շնորհակալ եմ»։

Տեսանյութեր

Լրահոս