«Նախկին ընտրություններին բնորոշ բոլոր ընտրախախտումներն առկա են այս ընտրություններում». Արփինե Հովհաննիսյան
Քվեարկել եմ հանուն ավելի ուժեղ, ավելի ժողովրդավար Հայաստանի՝ գիտակցումով և խորը հավատով, որ չնայած տարբեր բաժանարար գծերին՝ ՀՀ-ն մեր բոլորի միասնական հայրենիքն է»,- այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ցուցակի երկրորդ համար Արփինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այդ միասնական հայրենիքում առկա խնդիրներով պետք է բոլորը մտահոգված լինեն։
«Դրանց համար պատասխանատվություն նորից կրում ենք բոլորս։ Հետևաբար՝ ամեն ինչ պետք է անենք, որ ՀՀ-ն լինի երկիր, որտեղ այլակարծությունը չի ճնշվում, որտեղ ատելություն չէ, այլ տարբերվող կարծիքի պատասխան է»։
Նա ասաց, որ ահազանգեր են ստացել, որոնք հավաքվում են ՀՀԿ կենտրոնական շտաբում. «Այս պահի դրությամբ առավել մտահոգիչ է այն փաստը, ահազանգերի այն տեսակը, որտեղ խոսքը գնում է հատկապես «Իմ քայլը» դաշինքի կողմնակիցների կողմից քարոզչական նյութերի տարածման և ուղղորդման դեպքերի վերաբերյալ։ Ուղղորդում են ընտրողներին՝ ինչպես քվեարկել, կամ հանձնաժողովի անդամները «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկը առաջին էջի վրա են դնում, կամ էլ Կենտրոնում Դավիթ Սանասարյանի քարոզչական նյութերն էին այսօր տարածում։ Այս պահի դրությամբ այս բոլոր ահազանգերը հավաքվում են, հետո տարբերակում կմտցվի՝ ըստ խախտումների տեսակների, և մենք հանդես կգանք հայտարարությամբ»։
ՀՀԿ ցուցակի երկրորդ համարն ընդգծեց՝ նախկին ընտրություններին բնորոշ բոլոր ընտրախախտումներն առկա են այս ընտրություններում. «Սպասեք և կտեսնեք»։
Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ այս ընտրությունը չի արտացոլում իրականում գոյություն ունեցող իրավիճակը.
«Սա պարտադրված ընտրություն է, և շատերն իրենց հիասթափության արտահայտման եղանակ են ընտրել՝ ընտրության չգնալը։ Բայց ես կոչ եմ անում ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ հասկանալ և ըմբռնել, հաստատել իրենց քվեարկությամբ, որ սա անչափ կարևոր քվեարկություն է։ Մենք պետք է իրականում ցույց տանք, որ գիտակցում ենք բոլոր այն մարտահրավերները, որոնք մեր երկրի առջև ծառացած են»։