«Դո՛ւք եք նշանակել Ռոբերտ Քոչարյանին մեղավոր, դո՛ւք». Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողներին
«Եթե դա իշխանության կողմից կազմակերպված օպերացիա էր, այդ օրն ԱԱԾ տնօրենը Շվեյցարիայում չէր լինի, վարչապետը Սանկտ Պետերբուրգում չէր լինի։ Մենք ընդհանրապես այդ պատմության մեջ ներքաշվել ենք ուրիշների կողմից, և ես այդ թեմայի վերաբերյալ ԱԺ-ում մանրամասն պարզաբանումներ տվել եմ, և, երբ վերջին գաղտնալսումը հրապարակվեց, դու տեսաք, որ դա հաստատեց ԱԺ ամբիոնից իմ պատմածը։
Այս ձայնագրությամբ ամենակարևոր բանը հաստատվեց, որ ես Սանկտ Պետերբուրգում եմ իմացել կալանքի պրոցեսների մասին, որովհետև ԱԱԾ տնօրենը զանգում է ինձ ու ասում, որ կալանքի են տանում Խաչատուրովին, ես էլ հարցնում եմ՝ ե՞րբ։ Այսինքն՝ ես տեղյակ չեմ և առաջին անգամ տեղեկանում եմ դրանից»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե գաղտնալսման ձայնագրությունում ԱԱԾ տնօրենն ասում է, թե՝ դատավորին ինչ պետք է՝ կասենք, արդյոք դա ճնշում չէ՞։
Ինչ վերաբերում է խոսակցությանը, Փաշինյանը կրկնեց, որ հեռախոսային խոսակցությունը հեռախոսային խոսակցություն է. «Բոլորովին պարտադիր չէ, որ ԱԱԾ տնօրենը, վարչապետը կամ ՀՔԾ պետն ասի՝ քրեական դատավարության օրենսգրքի, ասենք, 7-րդ հոդվածի ա կետի 4-րդ պարբերության համաձայն և Սահմանադրության 8-րդ կետի 5-րդ նախադասության համաձայն՝ ես կասեմ՝ էս, էս, էս։ Ես դա չեմ էլ թաքցրել»։
Նա նշեց, որ, երբ ինքը վարչապետ է ընտրվել, ինքն է անընդհատ ասել, որ դատական համակարգից տարբեր մեսիջներ են գալիս, թե սա կամ նա ինչ անեն, ինքն էլ ասել է՝ ինչ ուզում եք, արեք. «Եվ հեռախոսազանգի ընթացքում ես շատ կոշտ տոնով ԱԱԾ տնօրենին ասել եմ՝ ի՞նչ ա նշանակում՝ դատավորը վախենում ա, ի՞նչ ա նշանակում, որ աշխարհի տարբեր ծայրերից դատավորին մեսիջ ա գնում-հասնում, չեք կարողանո՞ւմ դատավորի անկախությունն ապահովել, դա ձեր գործն ա, գնացեք ինչպես ուզում եք դատավորի անկախությունն ապահովեք։
Եվ ենթադրում եմ, որ ԱԱԾ տնօրենը հենց այս հանձնարարությունը… դա կարող է լինել հորոխպոր տղան, չգիտեմ, մանկության ընկերը, որ ասում ա՝ վայ, վախենում եմ, ի՞նչ ա նշանակում՝ դատավորները վախենում են։ Լավ, ԱԱԾ տնօրենը ի՞նչ պետք ա ասի, ասի՝ դու իրավունք չունես վախենալո՞ւ։ Երբ դատական համակարգը զանգում ու ասում է՝ վայ, գիտեք ինչ, ԱԱԾ տնօրեն, ես վախենում եմ, ի՞նչ է նշանակում, դատավորը զանգի ու ասի՝ ես վախենում եմ»։
Փաշինյանը լրագրողներին առաջարկեց՝ 2008 թ.-ից հետո մոնիտորինգ անել ու տեսնել, թե ինչքան հոդված է գրվել Ռոբերտ Քոչարյանի մեղավորության մասին. «Դո՛ւք եք նշանակել Ռոբերտ Քոչարյանին մեղավոր, դո՛ւք»։
Նա հայտարարեց, որ գաղտնալսումն իրականացնողներին պետք է գտնեն։
Դուք եք նշանակել Քոչարյանին մեղավոր․ Փաշինյանը՝ լրագրողներին
Դուք եք նշանակել Քոչարյանին մեղավոր․ Փաշինյանը՝ լրագրողներին
Gepostet von Ազատություն ռադիոկայան am Sonntag, 9. Dezember 2018