Օլիգարխների ընկերությունները կարգապա՞հ են դարձել, թե՞ անուշադրության են մատնվել
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն արդեն տարիներ շարունակ հատուկ հսկողություն է իրականացնում առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների առաքման կամ տեղափոխման հարցում: Ըստ ՊԵԿ-ի հրապարակած տվյալների՝ այս տարվա մայիսից խախտումների թիվը զգալիորեն կրճատվել է: Եթե նախկինում ստուգումների տասնօրյակում նույնիսկ 100-150 խախտում է հայտնաբերվել, ապա այժմ առավելագույնը մեկ տասնյակ է:
Օրինակ՝ վերջին մոտ 3 ամսում գրանցվել է խախտումների 67 դեպք՝ ընդհանուր 25.4 մլն դրամ տուգանքի ծավալով, մինչդեռ նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է 213 դեպք՝ ընդհանուր 132 մլն դրամ տուգանքի ծավալով:
Հայտնի անունների ևս այժմ դժվար է հանդիպել խախտում թույլ տված ընկերությունների ցանկերում: Սեպտեմբերին մեկ անգամ խախտում թույլ է տվել «Սի-Փի-Էս օյլ քորփորեյշն» ընկերությունը՝ տուգանվելով 1.7 մլն դրամով, ավելի ուշ ցանկում մեկական անգամ հայտնվել են «Աշտարակ ձու», «Բեկոն պրոդուկտ» ընկերությունները, որոնց խախտումները շատ ավելի փոքր են եղել:
Նախկինում, հիշեցնենք, բավականին հաճախ Հարկայինի տեսադաշտում հայտնվում էին Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս հոլդինգ», Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» և այլ օլիգարխիկ ընկերություններ: