
Բելգիան առաջին անգամ գարեջրի խոշորագույն արտահանողն է դարձել Եվրոպայում

Բելգիան առաջին անգամ դարձել է 2017 թվականի արդյունքներով գարեջրի խոշորագույն արտահանողը Եվրոպայում: Այդ մասին հայտնել է Եվրոպայի Brewers of Europe («Եվրոպայի գարեջրագործներ») առեւտրական կազմակերպությունը:
Կազմակերպության տվյալներով՝ անցյալ տարի բելգիացի գարեջրագործներն արտահանել են 15,8 միլիոն, գերմանացի գարեջրագործները՝ 15,75 միլիոն, հոլանդացի գարեջրագործները՝ 14,14 միլիոն հեկտոլիտր փրփրուն ըմպելիք: Նախորդ երկու տարում Բելգիան գարեջրի արտահանման ծավալով երրորդ տեղն էր զբաղեցնում Գերմանիայից եւ Նիդեռլանդներից հետո:
Երեք երկրների համար գլխավոր արտահանական ուղղությունը մնում է ԱՄՆ-ը: Բելգիացիները հպարտանում են, որ թագավորությունում ավելի քան 1700 սորտի տեսակավոր գարեջուր են արտադրում, որոնցից շատերն ամեն տարի փորձագետները ճանաչում են լավագույններն աշխարհում: Ուշագրավ է, որ բելգիական տեսակավոր գարեջրի յուրաքանչյուր սորտն ունի իր ֆիրմային գավաթը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: