Իշխանության, թե ընդդիմության մեջ մենք պայքարել ենք ազգի խնդիրների համար
ՕԵԿ նախագահ, կուսակցության ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանն այսօր ամփոփեց քարոզարշավը: Նա նշեց, որ 12 օրը շատ քիչ էր՝ բոլոր բնակավայրեր այցելելու, ծրագրեր ներկայացնելու համար:
«Քարոզարշավի ընթացքում ՕԵԿ-ը ներկայացրել է բավականին մրցունակ ծրագիր: Ժողովրդին ասել ենք, թե ի՞նչ ենք արել ու ի՞նչ ծրագրերով ենք գնում առաջ: ՕԵԿ-ը Հայաստանում հետք թողած քաղաքական կուսակցություն է, 250 օրենքի հեղինակ: Պետք է գնանք նոր Հայաստան կառուցելու ճանապարհով: Այո՛, մենք քաղաքական կոալիցիա ենք կազմել երկու անգամ, որոնց ժամանակ ստորագրված հուշագրերի արդյունքում կարողացել ենք օրենքներ հեղինակել, որոնց շնորհիվ 200.000-ից ավելի մարդ ստացել է իր ավանդները: Այսօր մարդիկ անվճար բուժօգնություն են ստանում պոլիկլինիկաներում, երկրում ներդրվել է ծննդօգնության անվճար համակարգ, վերջ ենք տվել կրթական, մշակութային, գիտական շենքերի թալանին ու մասնավորեցմանը: Իշխանության թե ընդդիմության մեջ մենք պայքարել ենք ազգի խնդիրների համար, ուստի հպարտությամբ ասում ենք՝ ոչ ոք մեզ չի կարող մեղադրել Հայաստանում գողության, թալանի և արյան համար»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
ՕԵԿ նախագահն ընդգծեց, որ ընտրություններին մասնակցում են նոր ծրագրով ու տեսլականով:
«Պնդում ենք, որ պետք է ՀՀ-ից ու հայ ժողովրդից թալանված միլիարդավոր դոլարները հետ վերադարձվեն: Առաջարկում ենք ստեղծել միջազգային հետաքննչական մեխանիզմ՝ հայտնաբերելու ապօրինի, թալանված գումարները: Առաջարկում ենք մրցունակ գաղափարներ՝ բոլոր ոլորտներում: Հայաստանի համար կարևոր է Արցախի անվտանգության խնդիրը: Դրա համար մենք առաջարկում ենք սահմանների արդիականացում, աստիճանական անցում վարձատրվող պրոֆեսիոնալ բանակի, երկու տարվա փոխարեն՝ մեկ տարվա զինծառայություն, ամեն տարի կենսաթոշակների, նպաստների բարձրացում: Լավ օրից չէ, որ մարդիկ հեռուստացույց են վաճառում կամ կով են մորթում՝ ընտանեկան նպաստի ցուցակում ընդգրկվելու համար: Մարդիկ գնում են այդ չնչին գումարները կայուն ստանալու ճանապարհով, որովհետև նույնիսկ 25.000 դրամը նրանց հնարավորություն է տալիս հոսանքի կամ հացի համար վճարել: Դրա համար անհրաժեշտ է հասցեական պետական սոցիալական քաղաքականություն: Պետությունը պարտավոր է ամեն տարի հայտարարել, թե ինչքանո՞վ են բարձրանալու կենսաթոշակը, նպաստը: Կարևոր է նաև հասանելի առողջապահությունը:
Դատապարտում ենք պետպատվերի արատավոր համակարգը, որ ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ: Մարդն իր անունով սերտիֆիկատ պետք է ունենա ու գնա առողջական խնդիրները լուծի: Երկրում տարածված հիվանդությունները պետք է բուժվեն պետական բյուջեի միջոցների հաշվին»,- նշեց Արթուր Բաղդասարյանը:
ՕԵԿ նախագահն ընդգծեց, որ մերժում են այս կամ այն ոլորտում իրականացվող կրճատումները, դեմ են նաև համայնքների խոշորացման քաղաքականությանը:
Անի Կարապետյան