Տավուշի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ թմրամիջոց ապօրինի պատրաստելու, օգտագործելու, վերամշակելու, պահելու և հյուրասիրելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է իրացնելու նպատակով թմրամիջոց ապօրինի պատրաստելու, վերամշակելու, պահելու, փոխադրելու, ինչպես նաև՝ խոշոր չափերով թմրամիջոցների՝ առանց իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Տավուշի մարզի 35-ամյա բնակչին:
Իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ Տավուշի մարզի՝ 1983թ. ծնված բնակիչը սեփական հողամասում մշտապես ցանել ու աճեցրել է կանեփ տեսակի բույս, որի տերևներից պատրաստել է թմրամիջոց, օգտագործել և հյուրասիրել է նաև հորաքրոջ որդուն:
Մասնավորապես՝ մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2018թ. սեպտեմբերի 14-ին 35-ամյա տղամարդն իր սեփական հողամասի տարածքից իր կողմից ցանված, աճեցված և մշակված «կանեփ» տեսակի բույսից քաղել, պահել, չորացրել, պատրաստել և օրեր անց՝ սեպտեմբերի 20-ին, Այրում քաղաք է փոխադրել խոշոր չափերի՝ 49,9 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որից 3,75 գրամ հաստատուն քաշով թմրամիջոցն իրացրել է իր հորաքրոջ որդուն՝ ծնված 1990 թվականին: Վերջինս էլ նշված թմրամիջոցը փոխանցել է այրում քաղաքի՝ 1961թ. ծնված բնակչին, որպեսզի նա պահի իր այգու տնակում:
Բացի այդ, 35-ամյա տղամարդը 1,13 գրամ հաստատուն քաշով թմրամիջոց է պատրաստել նաև՝ հորաքրոջ՝ 28-ամյա որդուն հյուրասիրելու եղանակով ապօրինի իրացնելու նպատակով: Սակայն հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել, քանի որ հայտնաբերվել են ոստիկանության աշխատակիցների կողմից: Անձնական խուզարկությամբ 35-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է 45,11 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Տավուշի մարզի 35-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 34-266-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Ինչ վերաբերում է Այրում քաղաքի՝ 1961 և 1990թթ. ծնված բնակիչներին, ապա քննիչը որոշում է կայացրել՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և ընտրված խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը, ինչպես նաև՝ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասով:
Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: